«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
– Պարոն Բաղդասարյան, ըստ էության ավարտվեց ներքաղաքական ինտրիգը: Ի վերջո՝ ի՞նչ պայմանավորվեցին Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը: Արդյոք ներկա եղե՞լ եք հանդիպմանը, ինչպե՞ս եղավ այդ հաշտեցումը:
– Ձևակերպման հետ, թե՝ ինտրիգն ավարտվեց, համաձայն չեմ: Եթե կան խնդիրներ, խնդիրները մնում են, և հարկավոր է այդ խնդիրները հաղթահարել: Բնականաբար, կան որակի խնդիրներ, որոնք ուսումնասիրության փուլում են: Այլ խնդիր է, որ հանդարտվեց մեկ այլ խնդիր՝ անհանդուրժողականություն, հրահրումներ, միտինգներ և այլն, և ոչ իշխանական քաղաքական ուժերը ըմբռնումով մոտեցան, իսկ հայտարարությունը սպասված էր:
Ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը, և եթե անհրաժեշտություն լինի, այդ մասին նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն կտարածի: Այսինքն՝ այն ինֆորմացիաները, որոնք շրջանառվում են, ինձ թվում է՝ դրանք ենթադրություններ են, և դրա մասին կլինի պաշտոնական հայտարարություն, եթե դրա կարիքը լինի:
– Ինչո՞ւ Դաշնակցությունը որոշեց միջնորդի դեր ստանձնել:
– Նման երևույթների ժամանակ, բնականաբար, երկրի ճակատագրով անհանգստացող մարդիկ, քաղաքական ուժերը, անձինք ցանկանում են ինչ-որ խաղաղասիրական, միջնորդական դերակատարություն ունենալ, բայց սա ավելի շատ եղել է երկու քաղաքական ուժերի բարի կամքի դրսևորում: Դեր կատարեցին և այն հորդորները, որ հանրապետության նախագահը և ՀՀԿ-ականները հղում էին ոչ իշխանական ուժերին, որպեսզի զերծ մնան ցնցումներից այս իրավիճակում, և ընդհանրապես՝ դրանից դրական որևէ բան չենք կարող քաղել ոչ մենք, ոչ ժողովուրդը: Ուրախ եմ, որ նրանք ընդառաջ գնացին այս հորդորներին և սառը դատողությամբ մոտեցան: Ինձ թվում է, որ եթե կան խնդիներ, դրանք կլուծվեն բանակցությունների, հանդիպումների միջոցով:
– Ստացվում է, որ իշխանությունը ցանկացած ընդվզում կարողանում է չեզոքացնել:
– Ընդհանուր առմամբ իշխանություն բառը հետաքրքիր բառ է: Իշխանություն հենց դա է նշանակում, որ պետք է կոչված լինի նրան, որ կարողանա բացատրել ընդվզողներին դրա արդյունավետությունը: Եվ եթե իշխանությունը ճկուն է, միտված է իր երկրի զարգացման գաղափարներին, նա հաջողության հասնում է: Չեմ կարծում, թե լինի մի իշխանություն, որն իր երկրի թշնամին է:
Ավելին՝ տեսանյութում:










































