Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական զինված ուժերի բախումները, ըստ փորձագետների, կարող են հանգեցնել նոր «հանկարծակի պատերազմի»: Ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության սրմանը: Փորձագետները պնդում են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել հակամարտությունը՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, գրում է ամերիկյան Newsweek պարբերականը:
Պաշտոնապես ակտիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ավարտվել են 1994թ., երբ հրադադար կնքվեց, սակայն դրանից հետո էլ սահմանի երկայնքով բախումները սովորական երևույթ են դարձել, գրում է պարբերականը: Այնուամենայնիվ, փորձագետներն այժմ զգուշացնում են, որ այս տարի զարգացումները սովորականից վատ են, երկու կողմերից էլ գրանցվել են զոհեր, այդ թվում քաղաքացիների շրջանում: Որոշ հաղորդագրությունների գնահատականներով՝ միայն հունվար ամսին հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 5000 անգամ, ինչը զինադադարից հետո ամենամեծ ցուցանիշն է ամսական կտրվածքով:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Newsweek-ի հետ զրույցում նշել է, որ գնալով ավելի հավանական է դառնում «պատահական պատերազմի հավանականությունը, քանի որ ոչ մեծ բախումները դուրս են գալիս վերահսկողությունից»: Արդյունքում, նրա գնահատմամբ, երկու կողմերն էլ կհայտնվեն վտանգավոր իրավիճակում:
Կիրակոսյանը նկարագրում է, որ դիմակայող ուժերը շփման գծում ֆիզիկապես չափազանց մոտեցել են միմյանց, ավելի, քան երբևէ հրադադարից հետո: Բացի այդ, ընդլայնվել է նաև գործողությունների տարածքը. Ադրբեջանը հարվածներ է հասցնում հենց Հայաստանին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սահմանին:
Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ 2014թ. հետազոտության, աշխարհի 10 ամենառազմականացված երկրներից են: Ընդ որում, Ռուսաստանը երկու երկրների համար էլ զենքի հիմնական մատակարարն է, և, հաշվի առնելով ներկա հակամարտությունը Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող անջատողականների և ուկրաինական բանակի միջև, ինչպես նաև Ռուաստանի ագրեսիվ օկուպացիոն քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, փորձագետների մոտ մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգանամքը, որը Պուտինն աչքի տակ ունի առավել համարձակ ու հանդուգն քայլ՝ տարածաշրջանում իր իշխանությունն ամրապնդելու համար:
«Այս իրավիճակում մի անկանխատեսելի խաղացող էլ Ռուսաստանն է: Նրա համար ամենաշահավետը ստատուս-քվոն է՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: Բայց Պուտինը կգնա ավելի համարձակ քայլի՝ հրահրելով ռազմական գործողություններ, որպեսզի խաղաղապահներ մտցնի՝ իր ազդեցությունն ապահովելու համար»,- ասում է Կիրակոսյանը:
«Գործերն այս պահին հատկապես վատ են, ավելի շատ են դարձել միջադեպերը: Մշտապես վտանգ կա, որ երկրներից մեկը կարող է անցնել նշագիծը՝ վայրի կրակ սփռելով, և պատերազմը կսկսվի նախքան դուք դրա մասին կիմանաք,- ասում է Լոնդոնի Պատերազմի և խաղաղության ինստիտուտի փորձագետ Ջոն Մաքլոուդը՝ շարունակելով. -Մենք հստակ չգիտենք՝ որոնք են Ռուսաստանի շահերը կամ նրա ներգրավվածության իմաստը: Սակայն Ռուսաստանը գնալով ավելի ակտիվ տարածաշրջանային խաղացող է դառնում և բնականաբար տարածքային հետաքրքրություններ էլ ունի»: Մաքլոուդը հավատում է՝ «հնարավոր է», որ Ռուսաստանը «խաղաղապահ» զորքեր ուղարկի տարածաշրջան:
Հակամարտության սրման ժամանակի ընտրությունը նույնպես առանցքային է, ամփոփում է թերթը: Այս տարի լրանում է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչը կարող է ավելի խորացնել առանց այն էլ լարված իրավիճակը:










































