Աթաթյուրքի անվան Ստամբուլի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի օրը մեկ ժամով դադարեցրել է տեղական և միջազգային չվերթների թռիչքն ու վայրէջքը ոչ թռիչքային եղանակի պատճառով: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը, բայց ձյունը շարունակվում է: Բացառված չէ, որ օրվա ընթացքում օդանավակայանը կրկին ընդհատումներով աշխատի:
Միաժամանակ, «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը փետրվարի 18-19-ին մոտ 330 չվերթ է չեղարկել: Դրանք թռիչքներ են եվրոպական ուղղությամբ, Մերձավոր Արևելքի երկրներ, Աֆրիկա: Չեղյալ են հայտարարվել նաև տասնյակ տեղական չվերթներ, այդ թվում՝ նաև այլ ավիափոխադրողների:
Թռիչքուղու տեսանելիությունն առատ տեղումների պատճառով պարբերաբար դառնում է նվազագույն, իսկ ցամաքային ծառայությունները չեն հասցնում մաքրել ձյունը: Ընդհատումներով է աշխատում նաև Ստամբուլի երկրորդ՝ Սաբիհի Գյոքչենի անվան օդանավակայանը:










































