Նյու Յորքի Manhattan 92Y մշակութային կենտրոնը հանդիպում է կազմակերպել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ՝ նրա The future գրքի հրատարակման կապակցությամբ։ Այս մասին գրել է La Stampa-ն։
Պարբերականը գրում է, որ Գորը պատասխանել է լրագրողների և քաղաքացիների հարցերին։ Նա ասել է, որ աշխարհի լիդերը պետք է լինի ԱՄՆ-ը, ոչ թե ԵՄ-ն, ԵՄ-ի ուժերից դա վեր է, այն կարող է միայն իր տարածքում կարգուկանոն հաստատել։
La Stampa-ի հոդվածի հեղինակը նշում է, որ գիրքը խոսում է համաշխարհային փոփոխությունների մասին։ Իտալիայի մասին հիշատակվում է երեք անգամ՝ որպես ֆաշիզմի բնօրրանի, որպես երկրի, որն իր հարկային անպատասխանատվության համար միջազգային հանրության թելադրանքով ստիպված է եղել տնտեսական քաղաքականություն վարել, և որպես երկրի, որին սպառնում է անապատացում՝ գլոբալ տաքացման հետևանքով։
Բարաք Օբամայի վերընտրման մասին հարցին Գորը պատասխանել է, որ ինքը բարձր է գնահատում Օբամայի քաղաքականությունը կլիմայական խնդիրների, ներգաղթյալների և գեյերի իրավունքների հարցերի վերաբերյալ։ Նա ասել է, որ Ամերիկան փոխվում է իրենց աչքերի առաջ, դա Օբաման նկատել է, որի համար էլ հաղթել է։
Ալբերտ Գորն ասել է, որ իր Current Tv հեռուստաընկերությունը վաճառել է Al Jazeer-ին։
Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, Գորը պատասխանել է, որ ներկայումս բուժվում է քաղաքական կախվածությունից և հույս ունի՝ հիվանդության կրկնություն իրեն չի սպառնում։









































