Հայկական արմատներ ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Ցեղասպանությունից փրկված ընտանիքի պատմությունը, որը հրապարակվել է բրիտանական Daily Mail պարբերականում, մեծ իրարանցում է առաջացրել ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի (Արևմտյան Հայաստան) Քարաքալե գյուղում, որտեղ 19-րդ դարում հաստատվել էին նրա նախնիները։ Այս մասին իր հոդվածում անդրադարձել է թուրքական «Ռադիկալ» պարբերականի սյունակագիր Էրթան Աջարը։
Հոդվածագիրը, մասնավորապես, պատմում է Քարդաշյանների պատմությունը՝ նշելով, որ Քիմի մեծ պապը 1913 թվականին Կարսից տեղափոխվել է Եվրոպա, այնուհետև՝ ԱՄՆ։
«Այժմ Քարաքալեի բնակիչները նրան կոչ են անում այցելել իր հարազատ տուն, տեսնել իր պապերի գյուղը։ Գյուղացիները ցանկանում են տեղի տարրական դպրոցը կոչել Քիմ Քարդաշյանի անունով։ Բացի այդ, խոսվում է նաև «Կարսի Քաշար» տեսակի պանիրը «Կարս Քարդաշյան» վերանվանելու մասին»,- գրում է Աջարը։
Հիշեցնենք, որ վերջերս Daily Mail-ը տպագրել էր Քարդաշյանների հայտնի ընտանիքի նախնիների լուսանկարների արխիվը: Նրանց մի ճյուղը փրկվել էր Էրզրումի ջարդերից, իսկ մյուսը, ըստ լեգենդի, մարգարեություն լսելով գալիք պատերազմի մասին ու հավատալով դրան՝ Ռուսական կայսրությունից ԱՄՆ էր հեռացել: Այսպիսով, Քարդաշյանների նախնիներին հաջողվել է փրկվել 1914-1918թթ. Առաջին աշխարհամարտից, 1915-ի Հայոց ցեղասպանությունից և 1917-ի ռուսական հեղափոխությունից: Պարբերականը պատմում է այսօրվա աստղային ընտանիքի նախնիների ճակատագրի մասին:
















































