«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:
-Պարոն Մինասյան, Սերժ Սարգսյանը ԱԺ-ից հետ է կանչում հայ-թուրքական արձանագրությունները: Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ նրա հետ հանդիպելու գործնական առաջարկով: Հանդիպման շարժառիթը 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրն է։ Մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանը 100-րդ տարելիցի հռչակագրի կետերի շուրջ իր անհամաձայնությունն էր հայտնել: Ի՞նչ է տեղի ունենում:
-Սովորական զարգացումներ են: Նշաններ է տալիս, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է կամաց-կամաց չեզոքացվեն, և փաստ է, որ վերջին հայտարարությունը հենց այդ զարգացման տրամաբանության մեջ է, հատկապես որ Սերժ Սարգսյանը բանակցությունների մեջ է ՀՅԴ-ի հետ։ Մենք գիտենք, որ ՀՅԴ-ն միշտ պահանջում էր հետ կանչել Հայաստանի ստորագրությունն այդ արձանագրություններից։ Մյուս կողմից՝ Թուրքիան այնքան կոշտ քաղաքականություն է վարում ՀՀ հետ, որ Հայաստանը որոշեց, որ նման պայմաններում նախընտրելի է հետ կանչել իր ստորագրությունն այդ փաստաթղթից։ Երրորդ պատճառն այն է, որ Թուրքիան այդ փաստաթուղթն օգտագործում է Ղարաբաղյան բանակցություններում՝ ասելով՝ եթե հայերը դուրս բերեն իրենց զորքերը գոնե մեկ շրջանից, մենք կբացենք Հայաստանի հետ սահմանը։ Այսինքն՝ նախապայմաններ է դնում հայերի առջև։ Այս երեք պատճառներով, նաև օգտագործելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սերժ Սարգսյանը որոշեց հետ կանչել իր ստորագրությունը։
Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը բնական է, որովհետև նա էր, որ առաջինը բանակցեց Թուրքիայի հետ, որի հիմքում կան և́ տնտեսական, և́ քաղաքական պատճառներ։ Տնտեսականն այն է, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, Հայաստանը շունչ կքաշի, իսկ քաղաքական առումով՝ եթե Հայաստանը թեկուզ հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ, դրանով մենք որոշակիորեն դուրս կգանք Ռուսաստանի ազդեցությունից։ Այդ պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր գրավել Սերժ Սարգսյանի ուշադրությունը՝ ասելով՝ լավ, արի տեսնենք՝ ի՞նչ ենք անում Թուրքիայի հետ։
-Իսկ արդյոք հռչակագիրը բխո՞ւմ է Սփյուռքի շահերից ու ցանկություններից, և արդյոք Հայաստանի իշխանությունն իրավունք ունի՞ ողջ հայության անունից հռչակագիր ընդունելու։
-Որևէ մեկը չկա աշխարհում, որ կարող է խոսել սփյուռքի անունից՝ ո́չ Հայաստանի իշխանությունները, ո́չ եկեղեցիները, ո́չ կուսակցությունները, որովհետև սփյուռքը որպես գաղափար իրականության մեջ չէ և որպես կառույց որևէ իրավազորություն չունի։ Այսինքն՝ սփյուռքը չկազմակերպված մարմին է, ոչ օրինական կառույց։ Սփյուռքը գաղափար է, կոնցեպտ է, այլ բան չկա։ Օրինակ՝ ինձ կամ սփյուռքում ապրող շատ շատերին ո՞վ է ներկայացնում։ Մի մասին ներկայացնում է եկեղեցին, մեկ այլ մասին՝ կուսակցությունները, բայց չի նշանակում, որ բոլոր սփյուռքահայերն այդ կառույցներում են։ Այսինքն՝ չկա որևէ մեկը, որը կարող է ներկայացնել սփյուռքը որպես գաղափար։ Այսօր կա անհրաժեշտությունը, որպեսզի սփյուռքն ավելի լավ կազմակերպվի ու գործի։ Մյուս կողմից՝ գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, մյուս կուսակցությունները, եկեղեցիները ուզում են օգտագործել սփյուռքը, սակայն կրկնեմ՝ ոչ մեկն իրավունք չունի սփյուռքի անունից խոսելու, որովհետև օրինական, կազմակերպված մեխանիզմը չկա։
Այն, ինչ ես կարդում եմ, և այն, ինչ ես լսում եմ, շատերը դժգոհ էին այդ արձանագրություններից, բայց շատերն էլ կան, որ ուզում են լուծում գտնել Թուրքիայի հետ: Եվ երկու մոտեցում կա. կա́մ պետության մակարդակով պետք է լուծում գտնել, կա́մ հասարակության: Եվ ինչ է սփյուռքը… հասարակության մեկ բաժինն է, ֆրանսահայ գաղութը ֆրանսիական հասարակության հետ է կապված, ամերիկյան գաղութը ամերիկյան հասարկության հետ է կապված, այսինքն՝ պետական մոտեցում չկա սփյուռքին, կա հասարակական մոտեցում: Ես կարծում եմ՝ այսօր ավելի լավ է շարունակել աշխատել Հայաստանի, Թուրքիայի և բոլոր գաղութների հասարակությունների հետ, ընկերային կապերը պահել, քան թե պետական և քաղաքական կապեր հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև, որովհետև երբ պետական մակարդակով ես մտնում, ուրիշ դաշտի վրա ես, ազգային շահերի վրա ես, պետական իշխանությունների վրա ես: Թուրքիայից պետական մակարդակով շատ դժվար է բան ակնկալելը, նրանք մինչ օր ժխտում են և ժխտում են։ Ուրեմն, կարծում եմ, ավելի լավ է թուրքերի ու հայերի միջև, հայ և թուրք հասարակությունների միջև սկսվեն հարաբերությունները դեպի խաղաղություն, արդարություն և այլն։ Այսինքն՝ պետական մակարդակով զրոյից պետք է սկսել բանակցությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահաբար ուզում է հետ բերել այդ նյութը, որովհետև 4-րդ հարցն էլ կա։ Առաջինը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, երկրորդը ՀՅԴ-ի հետ բանակցություններն են, երրորդը Ղարաբաղի խնդրի հետ է կապված, որ հետ կանչեն ստորագրությունը, որպեսզի Թուրքիան լծակ չունենա ԼՂ հարցում՝ նախապայմաններով խոսելով։ 4-րդ խնդիրն էլ ընդդիմության վերաբերմունքն է, որը բաժանված է այդ խնդրի շուրջ։
-Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը պայմանավորված է ներքաղաքական լարվածությա՞մբ։
-Այո, այստեղ կան ոչ միայն արտաքին, այլև ներքին պատճառներ։ Նման քայլով Սերժ Սարգսյանընուժգնացրեց ընդդիմադիր ուժերի միջև բաժանումը։ Բանն այն է, որ ընդդիմադիր ուժերի շարքերում շատերը դժգոհ էին հայ-թուրքական արձանագրություններից և պահանջում էին հրաժարվել դրանցից։ Օրինակ՝ ՀՅԴ-ն, որը չգիտեմ՝ ընդդիմադի՞ր ուժ է, թե՞ բանակցությունների մեջ է իշխանությունների հետ։ Կային ուժեր, որոնք էլի դժգոհ էին արձանագրություններից, բայց ավելի չափավոր մոտեցումով, օրինակ՝ ԲՀԿ-ն։ Կար քաղաքական ուժ, որը շատ աննշան դժգոհություն ուներ արձանագրություններից, մեծ մասով համամիտ էր դրանց. խոսքը ՀԱԿ-ի մասին է։ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էին միայն պատմաբանների հանձնաժողովի հեռանկարին, իսկ ընդհանուր առմամբ նրանց վերաբերմունքը, կեցվածքը շատ չափավոր էր։ Այսինքն՝ ՀԱԿ-ի համար արձանագրություններից հրաժարվելը առաջնություն չէր։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը, հետ կանչելով Հայաստանի ստորագրությունը, վեր է հանում այդ փաստաթղթի շուրջ տարբեր ուժերի տարբերությունները։
-Այսինքն՝ ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լքո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին, երբ նման նամակ է գրում Սերժ Սարգյանին, որտեղ խնդրում է դեմ առ դեմ հանդիպել։
-Սերժ Սարգսյանն այդ քայլով բաժանեց ընդդիմադիր ուժերին։ Լավ կլիներ, եթե եռյակի երեք պատասխանատուները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչու ոչ՝ նաև Արմեն Ռուստամյանը, գնային նախագահի նստավայր ու հարցնեին՝ հիմա ի՞նչ եք անելու Թուրքիայի հետ հարաբերություններում։ Բայց դա չստացվեց։ ՀՅԴ-ն բանակցությունների մեջ է իշխանությունների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց նախագահին, Ծառուկյանը նեղ վիճակում է, գիտենք՝ ինչ պատճառով, և Րաֆֆի Հովհաննիսյանը լռում է։ Ուրեմն, ո՞ւր է ընդդիմադիր ուժերի միացյալ մոտեցումը՝ չկա։
-Եթե հայ-թուրքական հարաբերությունները նոր մոդելով սկսեն աշխատել, այս արձանագրությունները կարո՞ղ են հետագայում կենսունակ լինել։
-Մի բան էլ կա. մենք կամաց-կամաց մոտենում ենք խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 2017-ի մայիսին։ Արդեն կարող են սկսել նախապատրաստությունները, պետք է պատրաստել դաշտը։ Բոլոր ուժերը հիմիկվանից պետք է պատրաստվեն այդ ընտրություններին։ Թուրքիայում ևս խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան հաջորդ տարվա հունիսին։ Ի՞նչ կարող է պատահել Թուրքիայում հայերին Ցեղասպանության 100-ամյակի ֆոնին։ Ես կարծում են, որ մինչև հունիս ոչինչ չի պատահի, հետո պիտի տեսնենք, թե Հայաստանն ինչ պիտի անի, երբ պիտի բանակցությունների մեջ մտնի Թուրքիայի հետ և ինչ պայմաններով։
Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի այս քայլն ուղղված է նաև Արևմուտքին, որտեղ նա ասում է՝ ես արեցի իմ քայլը, հանեցի արձանագրությունները խորհրդարանից։ Արևմուտքն ի՞նչ պիտի անի։ Հայաստանն ի վերջո հասկացավ, որ թուրքերն այդ արձանագրություններն օգտագործում են Ղարաբաղի հարցում, և այն լծակը, որ տվեցինք թուրքերին, Հայաստանի դեմ է աշխատում։ Ու հիմա Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրելու, պատասխան չի տալու։ Ո՞վ է այս ամենի պատասխանը տալու։ Միայն ասելու են, թե թուրքերն են մեղավոր, որ չընդունեցին։ Այսինքն՝ Հայաստանում դրա համար պատասխանատու չկա։ Սերժ Սարգսյանը կամ Հայաստանի ԱԳՆ-ն դրա համար պատասխանատու չե՞ն, որ Թուրքիային այդպիսի լծակ էին տվել։






































