Մայքլ Հյուսթոնը՝ մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի եղբայրը, Օփրա Ուինֆրիի շոուում ցնցող խոստովանություն է արել. նա ասել է, որ հենց իր մեղքով է Ուիթնին դարձել թմրամոլ՝ հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:
«Մենք միշտ միասին էինք անցկացնում ժամանակի մեծ մասը, ու նա հետևում էր ինձ: Ես նրան սովորեցրել եմ մեքենա վարել, մենք միասին ենք խաղացել և արել ենք այն ամենը, ինչ անում են միասին մեծանալիս: Թմրանյութեր էլ էինք միասին ընդունում… իսկ հետո դա դուրս եկավ վերահսկողությունից»,- խոստովանել է Մայքլը:
Նա խոստովանել է, որ զգում է իր մեղքը ու զղջում կատարվածի համար՝ նշելով, որ քրոջ մահից հետո կորստի ցավը փորձել է մեղմել դարձյալ թմրանյութերով: Սակայն ի վերջո իրեն հավաքել է ու 2012թ. հոկտեմբերին վերջնականապես հրաժարվել դրանցից:
Մայքլի խոստովանությունը շոկի մեջ է գցել հանդիսատեսին, քանի որ Ուիթնիի երկրպագուներն ու ազգականները երկար տարիներ նրա ամուսնուն՝ հայտնի R&B-ի կատարող Բոբի Բրաունին էին մեղադրում Ուիթնիի՝ թմրամոլ դառնալու մեջ
Հիշեցնենք որ 48-ամյա երգչուհու մարմինը հայտնաբերվել էր 2012թ. փետրվարին՝ Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցի համարներից մեկի լոգարանում:
Նրա մահվան պատճառների թվում նշվում էին կոկաինի չարաշահումն ու սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունը:
Հետաքննության տվյալով՝ լոգանք ընդունելիս հակադեպրեսանտների ու սպիրտային խմիչքների ազդեցության տակ գտնվող երգչուհին կորցրել է գիտակցությունը ու խեղդվել:








































