Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ով փետրվարի 15-ին արժանացել էր Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ իր «Տաքսի» ֆիլմի համար, դիմել է Իրանի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ ֆիլմի ցուցադրությունը հայրենիքում։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Մեկնաբանելով հաղթանակը՝ Փանահին հայտարարել է, որ շատ ուրախ է հեղինակավոր եվրոպական մրցանակը ստանալու համար, սակայն շատ ավելի ուրախ կլիներ ֆիլմը հայրենակիցներին ցույց տալու համար։ «Իշխանության ղեկին կանգնած մարդիկ մեղադրոմ են մեզ հատուկ օտարերկրյա փառատոների համար ֆիլմեր ստեղծելու համար։ Նրանք թաքնվում են քաղաքական պատերի հետևում և երբեք չեն ասում, որ ֆիլմերը գրաքննություն են անցնում»,- ասել է իրանցի ռեժիսորը։
Ֆիլմում Փանահին հանդես է գալիս գլխավոր դերով։ Նա մարմնավորել է շարքային թեհրանցի տաքսիստի, ով լսում է Իրանում ապրող տարբեր մարդկանց պատմությունը։











































