Իսրայելի ԿԸՀ-ն տեղի հեռուստաալիքներին ու ռադիոկայաններին կարգադրել է ԱՄՆ Կոնգրեսում վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը հեռարձակել 5 րոպե ուշացումով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանից կտրել նախընտրական քարոզչության տարրերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վարչապետը մտադիր է մարտի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում խոսել իրանական միջուկային սպառնալիքի մասին և քննադատել Թեհրանի հետ երկխոսությանն առնչվող Բարաք Օբամայի կուրսը։ Այցը տեղի կունենա Իսրայելում խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ, որի արդյունքներով նոր կառավարություն կձևավորվի։
Ծրագրվող այցը Վաշինգտոն հարուցել է Սպիտակ տան դժգոհությունը, որտեղ հրաժարվել են ընդունել նրան։ Հայրենիքում ընդդիմությունը մեղադրում է նրան հանուն ընտրություններում հավելյալ միավորներ հավաքելու՝ առանցքային ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները հարվածի տակ դնելու պատրաստակամության համար։









































