ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի բացառում, որ Մալիի հյուսիսն իսլամիստներից ազատագրելուց հետո երկրում կարող է ծավալվել խաղաղապահ առաքելություն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակի իր աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով՝ նման միտք հնչեցվել է որպես առաջարկ, սակայն խոսք չի եղել ժամկետների մասին, և ԱԽ-ն իր համաձայնությունը չի տվել այս հարցի կապակցությամբ:
Երկրում խաղաղապահների տեղակայման միտքն առաջին անգամ հնչեցվել է 2012թ. դեկտեմբերին, սակայն լայն աջակցություն չի ստացել: Իրավիճակը փոխվեց Ֆրանսիայի՝ Մալիի իշխանություններին օգնելու անսպասելի որոշումից և այնտեղ մարտական խումբ ուղարկելուց հետո: Երկու շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի և Մալիի զորքերը էական հաջողությունների հասան. նրանց հաջողվել է իսլամիստներին դուրս մղել երկրի հյուսիային մի շարք քաղաքներից:
Ակնհայտ է, որ գործողության ավարտից հետո Ֆրանսիայի զինվորականները կլքեն Մալին: Այս փուլում էլ անհրաժեշտ կլինի երկրում տեղակայել խաղաղապահ կոնտինգենտ, որի խնդիրը կլինի իշխանությունների հետ զինաթափել գրոհայիններին, հետևել հաշտությանը և խաղաղ բնակիչների պաշտպանությանը:
Դրա հետ մեկտեղ ՄԱԿ ԱԽ-ում քննարկվում է խաղաղապահ առաքելությանն ուղիղ անցնելու հնարավորությունը՝ առանց ԷԿՈՎԱՍ-ի ուժերի տեղակայման միջանկյալ փուլի:
Հիշեցնենք, որ Մալիում հակամարտությունը ծագել է 2012թ. մարտին, երբ մի խումբ զինվորականներ զինված խռովություն բարձրացրին Բամակոյում: Այս իրավիճակից օգտվեցին տուարեգները և երկրի հյուսիսում գործող իսլամիստների զինված խմբավորումները:










































