ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուասաստան) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) կանեն հնարավոր ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ապագայում կշարունակեն հանդիպումները: Մենք շատ կցանկանային, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեին ամենաուշը սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի գագաթաժողովին: Ի վերջո, վերջնական որոշումն ընդունում են նախագահները, մենք փորձում ենք իրականացնել միջնորդի մեր դերը: Դա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ ՄԽ համանախագահները շուտով կայցելեն Մինսկի խմբի այլ անդամ-երկրներ, այդ թվում Բելառուս, Սերբիա և Իտալիա:
«Վերջերս մենք Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հրավերով եղանք Հելսինկիում: Գլխավոր նպատակն էր ֆիննական կողմին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի մասին: Մենք նաև կայցելենք Մինսկ, Բելգրադ, որովհետև Սերբիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում, և Իտալիա»,- ասել է նա:
Անդրիոյի խոսքով՝ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական կողմերից մեկն այն էր, որ կողմերը համաձայնեցին Կարմիր խաչի հովանու ներքո տեղեկություններով փոխանակվել պատերազմի ընթացքում անհետ կորածների վերաբերյալ:
«Այս այցի շրջանակում մենք հանդիպումներ կունենանք Բաքվում և Երևանում Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ: ՄԵնք շատ կցանկանայինք, որպեսզի Կարմիր խաչը սկսեր հնարավորինս արագ զբաղվել այդ հարցով. չէ՞ որ հազարավոր ընտանիքներ ցանկանում են իմանալ՝ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատների և մերձավորների հետ: Սա զգայուն թեմա է, որը մերձեցման և փոխըմբռնման միջոցառումների մի մասն է: Դա փոքրիկ առաջընթաց է»,- ասել է համանախագահը:
Հիշեցնենք, այսօր սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքում: Փետրվարի 17-ին նրանք կժամանեն Հայաստան:









































