Անկարայի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի և այս հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականության շրջանակներում որոշել է գնել «Նոր Թուրքիա» հրատարակչության կողմից տպագրված 5 հատորանոց «Հայկական հարցի ժողովածու» և 12 հատորանոց «Օսմանյան նախագիծ» գրքերը, ինչպես նաև 20 տեսակի տարբեր բրոշյուրներ, և դրանք բաժանել դպրոցներին, հիմնադրամներին, կազմակերպություններին, գրադարաններին և հետազոտական կենտրոններին։
Ինչպես հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, քաղաքապետարանը սույն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի 1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայկական հարցը կհայտնվի և՛ ներքին, և՛ արտաքին ճակատներում։
«Հարյուրերորդ տարելիցը ազգային և միջազգային հարթակներում մեծ կարևորություն է ներկայացնում մեզ համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բարձրացնել աշակերտների շրջանում պատմության իմացությունը, ինչպես նաև ներկայացնել թուրքական մշակույթն ու պատմությունը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:










































