«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպության ղեկավար Սահակ Մինասյանը:
– ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին: Նկատի ունենալով, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ական է, մտահոգություն չունե՞ք, որ Գյումրիի քաղաքապետը կարող է իր ունեցած վարչական ռեսուրսները օգտագործել հակաիշխանական պայքարի համար:
– Ես չեմ խոսել ԲՀԿ-ական քաղաքապետի հետ և չգիտեմ նրա դիրքորոշումը, չգիտեմ, թե նա ինչ կարծիք ունի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Սամվել Բալասանյանը Գյումրու քաղաքապետ է ընտրվել առավելապես ՀՀԿ քաղաքական որոշման և քաղաքական աջակցության հիմքի վրա: ՀՀԿ-ն այդ ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրեց և իր կազմակերպչական ռեսուրսներով մեծապես օգնեց Բալասանյանի ընտրությանը:

– Հիմա դուք չե՞ք ափսոսում, որ ժամանակին նման որոշում եք կայացրել:
– Հիմա սխալ չեմ համարում, եզրակացություններ անելու համար դեռ ժամանակ կա: Մեր ճիշտ կամ սխալ լինելը կերևա Սամվել Բալասանյանի գործողությունների արդյունքում: Իսկ քանի դեռ Սամվել Բալասանյանը որևէ բան չի հայտարարել, որևէ գործողություն չի ձեռնարկել, եզրակացություններ անելը ճիշտ չի լինի:
– Սամվել Բալասանյանը որևէ կերպ չի արձագանքել Գագիկ Ծառուկյանի ելույթին, որտեղ բացահայտ մեղադրանքներ կային նախագահ Սերժ Սարգսյանի մասին, և իշխանափոխության կոչեր: Սամվել Բալասանյանը չի հայտարարել, որ համաձայն չէ այդ ելույթի և բնորոշումների հետ:
– Մի փոքր պետք է սպասել: Այսօր ես կարդացի, որ Արագած Ախոյանը հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ես չեմ ուզում համեմատություններ անել, որովհետև համեմատությունը մոլորություն տանող ամենակարճ ճանապարհն է: Բայց ուզում եմ նորից կրկնել, որ պետք է սպասել և տեսնել, թե ինչ գործողություններ կանի Սամվել Բալասանյանը:

– Հայտարարվել է, որ ԲՀԿ-ն իրեն սատարող ուժերի հետ փետրվարի 20-ին կազմակերպում է հանրահավաք: Սամվել Բալասանյանի առաջին գործողությունը կարող է լինել այն, որ նա պետք է այդ հանրահավաքի համար ապահովի հնարավորինս շատ մարդու մասնակցություն: Գուցե այդ ժամանակ դուք ինչ-որ հետևություննե՞ր անեք:
– Շիրակը համարվում է Հայաստանի մտավորական, մշակութային կենտրոնը, և այնպես չէ, որ գյումրեցիների, շիրակցիների գործողությունները պայմանավորված են լինելու մեկ-երկու մարդու կեցվածքով: Մենք վստահ ենք գյումրեցու, շիրակցու մտավորական, ինտելեկտուալ, մշակութային հոգեկերտվածքին, և որևէ խնդիր չենք տեսնում այս հարցում:







































