Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքը նիստ է գումարել, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ այն «Հայրենիք» կուսակցության վերանվանելու որոշում է կայացվել։ Այս մասին գրում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Բացի դրանից՝ Փերինչեքը հայտարարել է, որ փոխվել է նաև 1992 թվականին հիմնադրված կուսակցության խորհրդանշանը, որի վրա այսուհետ պատկերված են լինելու աստղ և հասկ։
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը, որը նաև ընդգծված հակահայ գործունեություն ծավալող թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրներից մեկն է, 2005 թվականին Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան 90-օրյա ազատազրկման էր դատապարտել, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։
Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:
Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը դատական նիստից մի քանի օր առաջ չեղյալ էր հայտարարել։
Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կայացել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը։ Վճիռը հրապարակվելու է 6-8 ամսից։ Հայաստանը և Թուրքիան այս գործում որպես երրորդ կողմ են ներգրավված։











































