Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ:
Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակներում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։








































