Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի սյունակագիր Մուսթաֆա Յըլդըրըմն իր հոդվածում քննադատել է Դարդանելի գործողության 100-րդ տարելիցն ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշումը։
«Ամեն տարի Չանաքքալեի հաղթանակը նշվում է մարտի 18-ին, սակայն այս անգամ որոշվեց միջոցառումն անցկացնել ապրիլի 24-ին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցելու հրավեր ուղարկվեցին աշխարհի մի շարք երկրների առաջնորդների և Հայաստանի նախագահին։
Եվ դա ապրիլի 24-ին՝ հայերի կոտորածների ժամանակ զոհվածների հիշատակի օրը։ Իսկ սույն տարվա ապրիլի 24-ին նշվում է զոհերի 100-ամյա տարելիցը։
Այժմ մի հարց պետք է տանք. արդյոք այդ նույն օրը նշելով Չանաքքալեի հաղթանակը՝ մենք չե՞նք վիրավորում հայ ժողովրդին։ Յուրաքանչյուր տարի մարտի 18-ին նշվող այս տոնն անցկացնել ապրիլի 24-ին, դեռ ավելին՝ Հայաստան հրավեր ուղարկել, դա պարզապես անամոթություն է»,- գրել է թուրք հեղինակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու ճակատամարտի հարյուրամյակը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումների մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:
Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:






































