Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի վերջին որոշմամբ մանկապարտեզ հաճախող երեխաների գրեթե 95 տոկոսի համար մանկապարտեզները դարձան անվճար: Այնինչ զարգացումները ցույց են տալիս, որ առանց Կարեն Կարապետյանի իմացության կամ գուցե նրա հովանավորությամբ այդ որոշումից հետո համատիրությունների ղեկավարները փորձում են այդ երեխաներին օգտագործելով կորզել նրանց ծնողների կամ տատիկ-պապիկների տարիների ընթացքում կուտակված պարտքերը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի վերջին որոշմամբ, Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթությունը իրականացվում է անվճար, եթե երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երևան քաղաքում, երեխայի ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում, երեխայի ծնողները ազատամարտիկներ են, երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երևան քաղաքում: Որոշման մեջ չներառված ծնողների երեխայի համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 (ութ հազար) դրամ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18000 դրամ ծախսի դիմաց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետարանն ունի համայնքային ենթակայության 161 մանկապարտեզ, որտեղ հաճախում է 22 հազար 600 երեխա, իսկ հաշվառում չունեցող երեխաները մոտավորապես 5 տոկոսն են կազմում: Առաջին հայացքից թվում է, թե սա մի քայլ է, որի արդյունքում մի շարք անապահով ընտանիքների երեխաների համար բացվում են մանկապարտեզի դռները: Մինչդեռ, այդ դռները բացվելուց առաջ ծնողները մի շարք խոչընդոտներ պետք է հաղթահարեն, և շատ հավանական է, որ չկարողանան դա անել: Խնդիրն այն է, որ երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար մանկապարտեզի տնօրինությունը նրանց ծնողներից բնակության վայրը հաստատող տեղեկանք է պահանջում:
Եվ ահա, հենց այստեղ առաջին պլան է մղվում այն արհեստական խոչընդոտը, որը շատ հաճախ ծնողները չեն կարողանում հաղթահարել: Նման տեղեկանք տրամադրում են համատիրությունները: Սակայն, երբ տեղեկանք ստանալու խնդրանքով ծնողները դիմում են համատիրություններին, դրանց նախագահները տեղեկանքը տրամադրելուց առաջ նրանցից պահանջում են մարել 98թ.-ից մինչ օրս կուտակված համատիրությանն ունեցած պարտքը, որոնց չափը հասնում է 100 հազար դրամի: Կոպիտ ասած` համատիրության ղեկավարները ծնողներին շանտաժի են ենթարկում և փորձում ստանալ տարիների ընթացքում կուտակված այն պարտքերը, որոնց գոյացման ընթացքում այդ երեխաները նույնիսկ ծնված չեն եղել:
Խնդիրը առավել խորը ուսումնասիրելիս պարզեցինք, որ համատիրությունը` որպես կառույց, անօրինական է, հետևաբար իր ներկայացրած պահանջն էլ է անօրինական: Իսկ ինչո՞ւ է անօրինական, որովհետև օրենքով սահմանված է, որ շենքերին համատիրության կազմում ընդգրկելուց առաջ պարտադիր է ստանալ բնակիչների համաձայնությունը, այնինչ այսօր դժվար է գտնել այնպիսի բնակիչների, որոնք կհաստատեն, որ շենքը համատիրության կազմում ընդգրկելուց առաջ հարցրել են իրենց համաձայնությունը:
Ինչևէ, հարցի հետ կապված դժգոհություններ ունեին վարչական գրեթե բոլոր շրջանների բնակիչները: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ նախկինում բնակության վայրը հաստատող տեղեկանքի համար իրենցից 1000-5000 դրամ գումար են պահանջել (սա նույնպես անօրինական պահանջ է եղել), իսկ հիմա պահանջում են մարել 98թ.-ից մինչ օրս գոյացած համատիրության պարտքերը: Նման մուծումներ անելու հնարավորություն չունենալու դեպքում էլ, բնակիչներին առաջարկում են համատիրության հետ գրավոր պայմանագիր կնքել, որով բնակիչը պարտավորվում է համատիրությանն ունեցած պարտքը մարել հաստատված ժամանակացույցով` ամսական 10 հազար դրամ:
Ծնողների մի մասը դիմել է քաղաքապետարան, որտեղից նրանց պատասխանել են, որ համատիրությունների այդ քայլը իրենց հետ համաձայնեցված չէ, և առաջարկել են բնակության վայրը հաստատող տեղեկանքը ստանալ ոստիկանությունից: Հարցի պարզաբանում խնդրեցինք նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանից, ով տեղեկացրեց, որ այդ պահանջը համաձայնեցված չէ քաղաքապետարանի հետ. Նման համաձայնություններ չկան: Իսկ համատիրության գումարները մեր բյուջեի հետ կապ չունեն: Տեղեկանք տալիս են ոչ թե վարչական շրջաններից, այլ համատիրություններից, ինչը արդեն բնակչի և համատիրության խնդիրն է: Դա առանձին մարմին է, և դրա մեջ մենք չենք կարող մտնել»: Մեր դիտարկմանը, թե իրենց ենթակայության տակ գործող համատիրության ղեկավարությունը բնակիչներին փաստի առաջ է կանգնեցնում, արդյո՞ք չեն պատրաստվում միջամտել` արձագանքեց. «Իրենք են ընտրում իրենց համատիրության ղեկավարներին, թող իրենք լուծեն իրենց խնդիրները, մենք այստեղ ինչ անենք:
Համատիրությունները օրենքով շատ պաշտպանված են, և այդ դաշտն այնպիսին է, որ մենք ուղղակի բանակցորեն ենք մոտենում նրանց և որոշակի աջակցություններ ցուցաբերում: Սակայն իրենք շատ անկախ են և վարչական շրջանի հետ որևէ կապ չունեն»:
Զրուցեցինք նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ ծնողները երեխաներին մանկապարտեզ ընդունելուց առաջ պետք է տեղեկանք ներկայացնեն բնակության վայրի մասին: «Հետևաբար, հավանաբար առիթից օգտվելով, համատիրության նախագահները փորձում են իրենց խնդիրը լուծել և այդ եղանակով հավաքել տարիների ընթացքում կուտակված սպասարկման պարտքերը: Սակայն փաստացի նման իրավունք չունեն, անիրավունք բաներ են անում: Դա ո՛չ վարչական շրջանի ղեկավարների և ո՛չ էլ քաղաքապետարանի հետ համաձայնեցված պահանջ չէ: Ավելին` նույնիսկ հրահանգ ենք իջեցրել, որ խնդիրը չշահարկեն և չփորձեն այդ կերպ իրենց բնակսպասարկման խնդիրները լուծել: Եթե բնակիչը չի կարողանում իրենց բնակարանային խնդիրները լուծել, եթե բնակիչները չեն կարողանում սպասարկման վճարները վճարել, ուրեմն պետք է համապատասխան իրավական մարմիններին բողոքարկել: Մենք մանկապարտեզի պահով շահարկմանը կտրուկ դեմ ենք: Իսկ եթե իմանանք համատիրության նախագահները նման անօրինական պահանջ են կիրառում, մեր լծակների սահմաններում նրանց կպատժենք: Քաղաքապետարանը հատուկ հանձնարարական է իջեցրել, որ ուշադրություն դարձնենք և նման դեպքեր արձանագրելու դեպքում համապատասխան պատժամիջոցներ կիրառենք»,- ավելացրեց Սերգեյ Հովհաննիսյանը:
Բայց, ամեն դեպքում, հարց է առաջանում, թե առանց Կարեն Կարապետյանի իմացության` համատիրության ղեկավարները քանի՞ գլխանի էին, որ գնային այդ քայլին:





































