Շուկայի փորձագետները՝ Canalys ֆիրմայից, հրապարակել են սարքերի նորագույն «խելացի» կատեգորիայի՝ Android Wear հարթակով ժամացույցների վաճառքի իրենց գնահատականները: 2014թ. կեսին LG-ի և Samsung-ի առաջին մոդելների վաճառքի հանվելու պահից արտադրողները շուկա են մատակարարել (դա չի նշանակում, թե բոլորը վաճառվել են) 720.000 սարք՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Սմարթֆոնների վաճառքի համեմատ՝ թիվը փոքր է. այդ ժամանակահատվածում վաճառվել է 114 մլն iPhone, իսկ Android-ով սմարթֆոն՝ մոտ կես մլրդ: Ճիշտ է՝ «խելացի» ժամացույցների այլ մոդելների համեմատ՝ թիվն այդքան էլ փոքր չէ: Օրինակ՝ Pebble-ը վերջերս հայտարարել է, որ 2013թ. հունվարին մատակարարումների սկզբից ի վեր վաճառել է 1 մլն սարք:
Canalys-ի տվյալներով՝ Android Wear-ով ժամացույցների շարքում առաջատարը դարձել է Motorola-ի Moto 360 մոդելը: Canalys-ի մասնագետները «խելացի ձեռքի սարքերի» 2014թ. ընդհանուր շուկան գնահատել են 4.6 մլն հատ: Այդ թիվը ներառում է ոչ միայն ժամացույցներ, այլև ձեռքի ֆիթնես-թրեքերներ, ինչպես՝ Xiaomi Mi-band-ը կամ Sony SmartBand-ը:












































