2015թ.-ի ապրիլի 20-21-ը Ստամբուլի «Ռաֆլս» հյուրանոցի «Զորլու» սրահում կայանալու է «Կանաչ տանիք» միջազգային 4-րդ համաժողովը, որին մասնակցելու են հայտնի ճարտարապետներ, դիզայներներ, ոլորտի փորձագետներ, ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» կայքը:
Համաժողովի ժամանակ մասնակիցներին են ներկայացվելու աշխարհի տարբեր անկյուններում հաջողությամբ կենսագործված բնապահպանական նախագծեր, որոնցում ներդրված է «կանաչ տանիքի» սկզբունքը: Մասնավորապես, այդ նախագծերի թվում են Սինգապուրից՝ «Մարինա բեյ սանդս» հյուրանոցը, Իտալիայից՝ «Ուղղահայաց անտառը», ինչպես նաև Հայաստանից՝ Դիլիջանի միջազգային դպրոցը ներկայացնող Միացյալ համաշխարհային քոլեջներ նախագիծը ևն:
Միջոցառումն անցկացվում է Ստամբուլի քաղաքապետարանի հովանավորությամբ: Սպասվում է, որ համաժողովի արդյունքում առաջ քաշված գաղափարները կօգնեն ընդլայնել էկոնախագծման և էկոշինարարության մասշտաբները ողջ աշխարհում:
Հավելենք, որ 1960 թվականին հիմնված Միացյալ համաշխարհային քոլեջներ բրիտանական կազմակերպությունը կրթական շարժում է, որը միավորում է տարբեր երկրներում գտնվող 15 դպրոցներ և քոլեջներ: 2014 թվականից այն ներկայացված է նաև Հայաստանում և զբաղվում է Դիլիջան միջազգային դպրոցի նախագծի կենսագործմամբ:
Cambridge IGCSE և IB Diploma ակադեմիական ծրագրերով կրթություն տրամադրող Դիլիջան միջազգային դպրոցը Երևանից և Թբիլիսիից 1,5 ժամվա հեռավորության վրա է, զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք, մասամբ՝ Դիլիջանի ազգային պարկի ներսում։ Ուսումնական հաստատության բացումը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 11-ին: Ենթադրվում է, որ 2023 թվականին դպրոցում սովորողների թիվը կհասնի 650-ի:











































