Թուրքիայի ամենահայատյաց կազմակերպություններից մեկի ղեկավարը «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից պատգամավորության թեկնածու ընտրվելու նպատակով հրաժարվել է Իգդիրի նահանգի շրջակա միջավայրի և քաղաքաշինության վարչությունում իր զբաղեցրած պաշտոնից:
Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի փոխանցմամբ՝ այսպես կոչված «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միության» (առավել հայտնի է որպես ԱՍԻՄԴԵՐ) ղեկավար Գյոքսալ Գյուլբեյը ջանքերը կենտրոնացնելու է ԺՀԿ-ի ցուցակներում պատգամավոր թեկնածու դառնալու համար: Նա պայքարելու է Իգդիր նահանգում, որտեղ էլ իր հիմնական գործունեությունն է իրականացնում նրա գլխավորած հակահայ կազմակերպությունը: Այդ պատճառով էլ նա հրաժարվել է իր մշտական աշխատանքից:
Նշենք, որ ավելի վաղ արված հայտարարություններում Գյուլբեյը նշում էր, թե ինքն ու իր գլխավորած կազմակերպությունը չեն հարում որևէ քաղաքական ուժի:
Նշենք, որ ԱՍԻՄԴԵՐ-ի կենտրոնն Իգդիրում է, մասնաճյուղեր ունի այլ թուրքական քաղաքներում ևս։ Կազմակերպությունը Թուրքիայում և նրա սահմաններից դուրս ընդգծված հակահայ գործունեություն է ծավալում՝ համագործակցելով նաև ադրբեջանական կազմակերպությունների հետ։ Տեղեկություններ կան, որ կազմակերպությունը ֆինանսական աջակցություն է ստանում նաև Բաքվից:
Այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» նախորդ տարվա օգոստոսին Վիեննայում գործող Ադրբեջանի մշակույթի և գործարարների կազմակերպության հետ ստորագրել է փոխհամագործակցության համաձայնագիր, որի նպատակն է 2015-ին ընդառաջ Եվրոպայում հակահայ տրամադրություններ ստեղծել և պայքարել հայկական լոբբինգի դեմ:
Հավելենք, որ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է: Քեմալական գաղափարախոսությանը հետևող այս կուսակցությունը պատմականորեն բացասական վերաբերմունք է ունեցել Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի հանդեպ:







































