Ամերիկյան Ալաբամա նահանգում անհայտ չարագործը կրակել է դպրոցական ավտոբուսի վարորդի վրա, որից հետո մի երեխայի առևանգել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝հղում անելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Ականատեսների վկայությամբ՝ տեղի ժամանակով ժամը 15:30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 00:30-ին, չորեքշաբթի) տղամարդը բարձրացել է դպրոցական ավտոբուս, որը տեղափոխում էր Միդլենդ սիթիի դպրոցներից մեկի աշակերտներին, և վարորդից պահանջել դուրս թողնել իրեն երկու երեխաների հետ: Երեխաները 6-8 տարեկան էին:
Մերժում ստանալով՝ նա մի քանի անգամ կրակել է վարորդի վրա, այնուհետև իր հետ վերցնելով 6-ամյա տղային՝ թաքնվել ոչ հեռու գտնվող եկեղեցու հետևում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները փակել են հարակից ճանապարհները: Համաձայն տեղեկությունների՝ իշխանություններին հաջողվել է կապ հաստատել հանցագործի հետ: Նրա հետ բանակցությունների ընթացքի և նրա գործողությունների դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ստացած հրազենային վնասվածքներից վարորդը զոհվել է:









































