Ներկայում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը կարևոր երկկողմանի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Քլինթոնը նշել է, որ կողմերը ստեղծել են համագործակցության զարգացման նախագահական հանձնաժողով, որը հասնում է կարևոր արդյունքների:
Պետքարտուղարի կարծիքով` այժմ բարդ է ռուս-ամերիկյան հարաբերությունները պահպանել կառուցողական մակարդակում:
Միևնույն ժամանակ Քլինթոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է խորացնի ինտեգրումը ԱՄՆ և ԵՄ, քանի որ դրա հետ է կապված բոլոր երեք կողմերի ապագան: Նրա խոքերով` հարցը դրված չէ այնպես, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարող է ունենալ միայն ԱՄՆ-ը կամ միայն ԵՄ-ը:
Պետքարտուղարը նշել է, որ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն աշխատի Եվրոպայի հետ և փորձի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որպեսզի Եվրոպան նույնպես աշխատի դրա վրա:
«Ընդունում եմ, որ դա այժմ բարդ է»,- ասել է Քլինթոնը:
Նրա տեսակետի համաձայն` Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է ձեռնարկեն ինչպես երկկողմանի, այնպես էլ համատեղ ջանքեր` Ռուսաստանին և առաջին հերթին դրա ղեկավարությանը համոզելու համար, որ անհրաժեշտ է խորացնել ինտեգրումն ու կապերը Եվրոպայի և Արևմուտքի հետ:
«Եվ մենք հույս ունենք, որ առաջիկա մի քանի տարին ավելի հաջողակ կլինի այս առումով»,-հավելել է Քլինթոնը:










































