«Այս պահին օրակարգում պաշտոնանկության խնդիր չկա, նոր նշանակումների հարց դրված չէ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների դիտարկմանը, թե քննարկվո՞ւմ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը, Շարմազանովը պատասխանեց . «Եթե Հայաստանում կան մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյաներ, դրանցից մեկը Վլադիմիր Գասպարյանն է»:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր: Նա նշեց, որ հինգշաբթի լինելու է ՀՀԿ խորհրդի նիստ, և կուսակցությունը բոլոր հարցերի պատասխանը կտա այդ նիստից հետո: Հարցին՝ արդյոք նիստում քննարկվե՞լ է Ծառուկյանի ելույթը խորհրդաժողովի ժամանակ, Շարմազանովը պատասխանեց, որ անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի բոլոր կարևոր հարցերին. «Մենք քննարկում ենք ոչ թե միայն առանձին ելույթներ, քննարկում ենք Հայաստանում առկա բոլոր կարևորագույն խնդիրները և առաջարկում ենք լուծումներ, որոնք կներկայացնենք խորհրդի նիստից հետո»,- ասաց նա:
Պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին եռյակի այն հայտարարությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի մեջ մեղավոր են իշխանությունները՝ «գող», «հանցագործ», Շարմազանովն ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես դատապարտել, դատապարտում և դատապարտելու է Հայաստանում բռնության ցանկացած դեպք. «Մեզ համար դա անթույլատրելի է: Մենք հույս ունենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները, և մեղավորները կպատժվեն։
ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում որոշ գործընկերների էմոցիոնալ, իրականությունից կտրված, դեմագոգիկ, պոպուլիստական հայտարարությունները: Բոլորս պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, և որևէ մեկն իրավունք չունի իր գործընկերների հասցեին, անկախ նրանից, թե որ դաշտում է գործում, մեղադրանքներ հնչեցնելու: Դա վերդիկտ չէ, նրանք դատարաններ չեն։ Եթե ունեն հստակ փաստեր, կարող են դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին»:
Ըստ Շարմազանովի ՝ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպն ամենաքիչը ձեռնտու էր իշխանություններին, իշխանությունների շահերից չէր բխում, իշխանությունների ձեռագիրը չէր. «Խորհուրդ կտամ իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել, չի կարելի նման ձևով իրականացնել քաղաքական պայքար»,- եզրափակեց նա:
Մանրամասները ՝տեսանյութում։









































