Սիրիայի ընդդիմադիրները Հալեպի ազատագրած շրջաններից մեկում՝ Բուսթան Ալ-Քասրում, հայտնաբերել են զանգվածային մահապատժի վայր: Ինչպես հաղորդում է Lenta-ն, համացանցում տեղադրված տեսանյութում պատկերված է Քուվեյք գետի ափին դրված տղամարդու 56 դի:
Ընդդիմադիրների տվյալներով՝ տղամարդիկ 20-30 տարեկան են, նրանք բոլորը քաղաքացիական հագուստով են: Տղամարդկանց ձեռքերը կապված են թիկունքին, դատելով վերքերից՝ նրանց սպանել են մոտ տարածությունից պարանոցին կրակելու միջոցով: Աճյունների տեղակայումը վկայում է, որ նրանց բաժանել են խմբերի և գնդակահարել: Սպանվածների աճյունները հուղարկավորված չեն:
Ընդդիմադիրները ենթադրում են, որ սպանվածները տեղի բանտերից մեկի դատապարտյալներն են: Նրանց, հավանաբար, գնդակահարել են՝ ազատ արձակումը կանխելու համար:
Երկրի խոշոր քաղաքի կենտրոնում զանգվածային մահապատժի պատասխանատվությունը դեռևս ոչ մեկը չի ստանձնել: Սիրիայի կառավարությունը չի մեկնաբանել ընդդիմադիրների տեսանյութը:
Ավելի քան մեկուկես տարի Հալեպը շարունակում է մնալ ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև բաժանված քաղաք: Բուսթան Ալ-Քասրը այն շրջանն է, որն ամենից շատ է ձեռքից ձեռք անցնում: Այն գտնվում է Հալեպի համալսարանի մոտակայքում:








































