Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կիրակի խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը՝ հայտարարել է աղքատ ընտանիքներին և տնտեսական կոշտ միջոցառումներից առավելապես տուժածներին անվճար սննդով, բուժօգնությամբ ու էլեկտրաէներգիայով ապահովելու մասին։ Նրա խոսքով՝ չեղարկվում է նաև անշարժ գույքի արտակարգ հարկը։
Ցիպրասի խոսքով՝ կառավարությունը պարտավորվում է ստեղծել կայուն, պարզ և արդար հարկային համակարգ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա նշել է, որ մինչև 2016 թվականը նվազագույն աշխատավարձի չափը կհասնի 571 եվրոյի։ Վարչապետը հայտարարել է իր նստավայրի անձնակազմը՝ 30, իսկ թիկնազորը 40 տոկոսով կրճատելու մասին։ Նա նաև հրամայել է վաճառել ավելի քան 700 հազար եվրո արժեքով կառավարական մեքենաները։ Կվաճառվի նաև կառավարական 3 օդանավերից 1-ը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ կվերանայվի «պատգամավորական ավտոմեքենա» հասկացությունը։
Վարչապետը նաև խոստացել է վերադարձնել նախկին կառավարության կողմից հեռացված պետական ծառայողներին։







































