Անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելը և Պաղեստինը շուտափույթ վերսկսեն ուղիղ բանակցությունները` հայտարարել են մերձավորարևելյան «քառյակի» մասնակիցները: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարությունում, որը տարածվել է Մյունխենի անվտանգության համաժողովում «քառյակի» հանդիպումից հետո: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձանակատար Ֆեդերիկ Մոգերինին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը:
Նշվում է նաև արաբական պետությունների մասնակցությամբ ուղիղ շփումների անհրաժեշտության մասին և հաղորդվում, որ «քառյակը» անհանգստացած է Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ:
«Քառյակը» միջազգային դոնորներին կոչ է արել ակտիվացնել Գազայի վերակառուցմանն ուղղված միջոցները և հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք խարխլում են վստահությունը:








































