Երեկ՝ հունվարի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մոտ երկուսուկես ժամ տևողությամբ ֆիլմի պրեմիերայից հետո դերասանները` Հովհաննես Դևեջյանին մարմնավորած ՀՀ վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, Գարեգին Նժդեհին կյանքի տարբեր փուլերում մարմնավորած Շանթ Հարությունյանն ու Արտաշես Ալեքսանյանը լսել են միայն դրական կարծիքներ:
Ինչպես կատակով ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը՝ իրենց մոտեցել ու ջերմ խոսքեր են հղել այն մարդիկ, ովքեր հավանել են: Դերասանների խոսքով՝ անշուշտ, դժվար է եղել Նժդեհի կյանքը խտացնել այդ սահմանափակ ժամանակահատվածում, սակայն իրենք արել են հնարավորը: Դերասանները տեղեկացրին, որ բացի էկրանային տարբերակից՝ ֆիլմասեր հասարակությունը հնարավորություն կունենա դիտելու նաև 5-6 մասանոց ֆիլմն ու կարծիք կազմելու դրա մասին:
Ինչ վերաբերում է ֆիլմի հասցեին հնչած քննադատություններին ու ծաղրին, ապա դերասան Արտաշես Ալեքսանյանն առնվազն անլուրջ որակեց դրանք՝ ընդգծելով, որ հումորով է վերաբերվում մինչ ֆիլմի ցուցադրությունը հնչած քննադատություններին՝ կապված Я Гарегин Нждэ արտահայտության հետ: Վիգեն Ստեփանյանի կարծիքով էլ՝ հայ ազգը, հատկապես՝ «քաղաքային ինչ-որ շերտ», տառապում է ամեն ինչ ծաղրելու մոլուցքով:
«Մենք հավաքվենք, աշխատենք, գլուխ գլխի տանք՝ մեկը քիթ քորելով նստի ու սկսի կատակե՞լ»,- զայրացած ասաց նա:
Դերասանի խոսքով՝ երիտասարդության այդ շերտը ծաղրում է ամեն ինչ, անկախ նրանից՝ արվածն արժեքավո՞ր է, թե՞ ոչ: Դերասաններին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ ինչ ֆիլմ էլ նկարելու լինենք՝ լինի Կոմիտասի թե Թումանյանի մասին, արժանանալու է նույն բախտին:
Դերասանը այդ մարդկանց խորհուրդ տվեց գոնե մեկ անգամ դիտել ֆիլմը, հետո կարծիք հայտնել: Անդրադառնալով չարչրկված Я Гарегин Нждэ արտահայտությանը՝ նա խորհուրդ տվեց դա դիտել «կոնտեքստի մեջ», հասկանալ այն հոգեվիճակը, որում գտնվել է մարդը ՊԱԿ-ի պաշտոնյայի հետ խոսելիս:
Դերասան Շանթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռ գտնվում է ֆիլմից ստացած տպավորությունների տակ:









































