Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Յուրիկ Թեմուրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:
Արարատի մարզի 19-ամյա բնակիչ Յուրիկ Թեմուրյանը մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ Յուրիկը 2014 թվականի փետրվարին գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում:
Հուլիսի 14-ին Յուրիկին է զանգահարել Մասիս քաղաքի բնակիչ Վաչագանը ու հայտնել է, թե Յուրիկի ֆեյսբուքյան էջից նամակներ են ուղարկվում իր ծանոթ աղջկան: Աղջիկը չի ցանկանում Յուրիկից նամակներ ստանալ, խնդրել է Վաչագանին, որ նա խոսի նամակներ ուղարկողի հետ ու խնդրի, որ նամակներ այլևս չուղարկվեն:
Այս խոսակցությունից հետո էլ նամակները շարունակել են Յուրիկի էջից ուղարկվել աղջկան՝ ծանոթանալու առաջարկով:
Յուրիկի ու Վաչագանի միջև հեռախոսազրույցներ են եղել հաջորդ երկու օրերին ևս՝ հուլիսի 15-ին ու 16-ին:
Յուրիկը հերքել է իր առնչությունն ուղարկվող նամակներին, ասել է, թե միգուցե ինչ-որ մեկը գիտի իր գաղտնաբառը ու նամակներ է ուղարկում իր էջից՝ առանց իր գիտության:
Կողմերը պայմանավորվել են հուլիսի 16-ին հանդիպել Յուրիկի գյուղում ու խոսել նամակների թեմայով:
Ժամը 22-ին Վաչագանն իր մեքենայով ընկերոջ հետ գնացել է այդ գյուղ:
Գյուղամիջում հանդիպել են Յուրիկին, ով իր հերթին հանդիպման էր ներկայացել ընկերոջ հետ՝ ընկերոջ մեքենայով:
Քանի որ այդ վայրը մարդաշատ է եղել, երիտասարդները որոշել են գնալ մի հանգիստ տեղ ու պարզաբանել հարցը:
Վաչագանն իր մեքենան թողել է գյուղամիջում, չորսով Յուրիկի ընկերոջ մեքենայով գնացել են մոտակա երկաթգծի տարածք:
Այնտեղ Յուրիկն ու Վաչագանն առանձնացել են, իրենց ընկերներից հեռացել են մոտ քսան մետր:
Վաչագանը հայհոյել է այն անձի հասցեին, ով ֆեյսբուքյան էջից նամակներ է ուղարկում աղջկան:
Յուրիկն էլ է հայհոյել, իսկ Վաչագանն ասել է, թե չի հավատում, որ Յուրիկի էջից ուրիշն է ուղարկել նամակները, ու կասկածում է Յուրիկի խոսքերին…
Յուրիկը հետևություն է արել, որ այդ կասկածով՝ Վաչագանը հնչեցված հայհոյանքները ինքնաբերաբար հասցեագրում է իրեն:
Նա տաբատի գրպանից հանել է ծալովի դանակը, արագ բացել ու երկու հարված է հասցրել Վաչագանին:
Վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող, որովայնի առաջնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքերի, լյարդի, ստամոքսի վնասման ձևով:
Հարվածելուց հետո Յուրիկը դանակը նետել է դեպքի վայրում և դիմել է փախուստի:
Լսելով Վաչագանի գոռոցն ու տեսնելով փախչող Յուրիկին՝ հեռվում կանգնած ընկերները մոտեցել են Վաչագանին, նրան Յուրիկի ընկերոջ մեքենայով տեղափոխել են գյուղամեջ՝ իր մեքենայի մոտ, ապա այդ մեքենայով Վաչագանի ընկերը նրան տեղափոխել է Մասիսի հիվանդանոց, որտեղ երիտասարդը ենթարկվել է վիրահատության, ու նրա կյանքը փրկվել է:
Ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Թեմուրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա ասել է, թե դեպքի վայրում տուժողն ու նրա ընկերը հարձակվել են իր վրա, ծեծել են: Իր ընկերը չի միջամտել, ինքը չի կարողացել պաշտպանվել երկու ծեծողներից, գրպանից հանել է մշտապես իր մոտ պահվող ծալովի դանակը, բացել ու երկու անգամ հարվածել է իրեն խփողներին՝ չմտածելով անգամ, թե ում է խփում, կամ՝ մարմնի որ մասերին: Հետո դանակը նետել ու գնացել է հորաքրոջ տուն: Հաջորդ օրը հոր հետ մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Նախաքննության ընթացքում Յուրիկն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել մեղսագրված արարքի համար: Ասել է, թե դանակով հարվածել է Վաչագանին՝ հնչեցված հայհոյանքների պատճառով:
Տուժող Վաչագանը հայտնել է, թե Յուրիկի հեռախոսի համարը վերցրել է ծանոթուհուց, ում իր նամակներով անհանգստացնում էր Յուրիկը: Աղջիկը հեռախոսահամարը խնդրել էր Յուրիկից ու փոխանցել էր Վաչագանին, որ տղաները խոսեին իրար հետ:
Դեպքի պահին, ըստ տուժողի, ինքն ու Յուրիկն ընկերներից առանձնացած խոսել են, հայհոյել են աղջկան նամակներ գրողի հասցեին:
Ինքն ասել է, թե չի հավատում, որ նամակները Յուրիկի էջից ուրիշն է ուղարկում: Այս ասելով՝ ցանկացել է շրջվել, բայց կրծքի ու որովայնի շրջաններում սուր ծակոց է զգացել և ուժեղ գոռացել է: Յուրիկը շպրտել է դանակն ու փախել է:
Իր և Յուրիկի ընկերները հեռու էին, իր գոռոցի վրա մոտեցել, իրեն նստեցրել են մեքենա, հասցրել են գյուղամիջում թողած իր մեքենային:
Ընկերը նստել է իր մեքենայի ղեկին ու իրեն տարել է Մասիսի հիվանդանոց…
Տուժողը Յուրիկ Թեմուրյանին որևէ պահանջ չի ներկայացրել:
Ընդհանուր իրավասության դատարանը անհիմն է գնահատել պաշտպանական կողմի պնդումը, թե արարքը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:
Դատարանը եզրակացրել է, որ դեպքի պահին առկա չի եղել ոտնձգություն Յուրիկ Թեմուրյանի նկատմամբ, գործով բացակայում է պաշտպանության դիմելու անհրաժեշտությունը վկայող որևէ փաստական հանգամանք:
Յուրիկ Թեմուրյանը մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Թեմուրյանի շահերի պաշտպանը, ով վերաքննիչ քրեական դատարանում պնդեց, թե Յուրիկ Թեմուրյանը տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, նրա արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:
Պաշտպանը նշեց, թե դատաբժշկական փորձագետը ճիշտ է՝ արձանագրել է, որ Յուրիկ Թեմուրյանի մարմնին վնասվածքներ չկան, բայց Յուրիկը նրան խաբել է, ցույց չի տվել մարմնին առկա կապտուկները:
«Ֆեյսբուքով» Յուրիկը պարզապես «բարևել է» անծանոթ աղջկան, իսկ նախաքննական մարմինը չի ուսումնասիրել նրա ֆեյսբուքյան էջը, չի բացահայտել տղաների հանդիպման ու վեճի իրական պատճառը:
Եթե նրանք պատրաստվում էին հանգիստ զրուցել, ինչո՞ւ են մարդաշատ գյուղամիջից գնացել ամայի վայր:
Յուրիկը հանդիպման գնալիս ծալովի դանակը հատուկ չի վերցրել, այդ դանակը… մշտապես եղել է նրա մոտ:
Եթե Յուրիկը ցանկանար տուժողին ծանր վնասվածքներ հասցնել, ապա կհարվածեր ուժգին, «շեշտված» ու՝ մարմնի որոշակի մասին, այլ ոչ թե թույլ, անորոշ ու՝ մարմնի տարբեր մասերին:
Պաշտպանը բացթողում համարեց Յուրիկի նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն չանցկացնելը, որովհետև եթե Յուրիկն առանց պատճառի դանակահարել է տուժողին, միգուցե նա հոգեպես անհավասարակշիռ անձնավորությո՞ւն է…
Պաշտպանը հիշատակեց նաև Յուրիկին տրված դրական բնութագիրը, համաձայն որի՝ Յուրիկը աշխատասեր, հավասարակշռված, լավ վարքի տեր տղա է՝ գյուղում հարգված ընտանիքից:
Պաշտպանը ջանում էր, մեջբերումներ էր կատարում օրենքներից, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից ու վկաների ցուցմունքներից: Բայց, վերաքննիչ դատարանում նախագահողի դիտողության համաձայն՝ Յուրիկ Թեմուրյանի՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվելը հաստատող փաստական հանգամանքներ այդպես էլ չնշվեցին:
Ավելին, պաշտպանի ճիգ ու ջանքից հետո Յուրիկ Թեմուրյանը ոտքի կանգնեց ու դատարանի հարցին հանգիստ պատասխանեց, թե իրեն մեղավոր է ճանաչում մեղսագրված հոդվածով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար:
«Հարվածել եմ… կարիք չկա նորից խոսելու»,- ասաց ամբաստանյալը՝ չպաշտպանելով իր շահերի պաշտպանի դիրքորոշումը ու, փաստորեն, բերված վերաքննիչ բողոքը:
Տուժողն էլ ասաց, թե ինքը Յուրիկին չի հարվածել ու չի հասկացել, թե նա ինչու դանակով խփեց իրեն…
Մեղադրողն առարկեց պաշտպանի բողոքի դեմ, ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանը մանրամասն անդրադարձել ու իրավացիորեն հերքել է ամբաստանյալի՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվելու հանգամանքը:
Վերաքննիչ քրեական դատարանը անհիմն գնահատեց պաշտպանի վերաքննիչ բողոքը, մերժեց այն և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի ազատազրկումով, թողեց անփոփոխ:










































