Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային, քանի որ Ռուսաստանի ագրեսիան կարող է դիպչել ԵՄ բոլոր երկրներին՝ կարծում է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսքայթեն: Այդ մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ընթացքում:
«Ես վստահում եմ Անգելա Մերկելին և հավատում եմ, որ նա ոչ ոքի չի դավաճանի, նա տրամադրված է հարցի լուծմանը: Նա ոչ ոքի չի դավաճանել, քանի որ եթե դավաճանենք Ուկրաինային և ուկրաինական ժողովրդին, ապա մենք կդավաճանենք ինքներս մեզ, որովհետև Ուկրաինայից հետո հաջորդը մենք ենք»,- ասել է Գրիբաուսքայթեն:
Նրա խոսքերով՝ պատմության ընթացքում արդեն նման օրինակներ եղել են, և այդ պատմական օրինակները գերմանացի կանցլերը շատ լավ գիտի:
Գրիբաուսքայթեն կոչ է արել աջակցել Ուկրաինային բոլոր հնարավոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են բնակչության և երկրի պաշտպանության համար: Նա հաղորդել է, որ Լիտվան արդեն օգնում է և շարունակելու է օգնել:








































