ՄԱԿ-ում Սուրբ Գահից մշտական դիտորդ արքեպիսկոպոս Բեռնադիտո Աուսան կնոջ հանդեպ բռնությունն անվանել է «հանցագործություն մարմնի և հոգու դեմ»: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Աուսան զեկույցով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ի զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությանը նվիրված նիստում: Այնտեղ խոսքը նախևառաջ կանանց մասին է. Աուսան մասնավորապես նշել է, որ ամբողջ աշխարհում ռազմական հակամարտությունների ժամանակ աճում է կանանց նկատմամբ բռնությունը՝ ստանալով «ամենահրեշավոր և անասնական ձևեր». դա և բռնաբարությունն է, և սեքսուալ ստրկությունը, և կանանց առևտուրը, և երիտասարդ աղջիկների առևանգումը: Վատիկանի ներկայացուցիչն ամբողջ աշխարհի կրոնական և քաղաքական գործիչներին կոչ է արել խստորեն դատապարտել նման հանցագործությունները:
Բռնությունն ընդհանրապես տրորում է մարդու արժանապատվությունը՝ նշվում է Աուսայի զեկույցում, բայց սեքսուալ բռնությունը ևս «հասարակության հյուսվածքի ճեղքվածք է»: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը,- նշել է արքեպիսկոպոսը,- և դրա համար պետք է բռնաբարությունը ոչնչացնել որպես ռազմական զենք, վերջ դնել ստրկությանը և հրաժարվել բռնության մշակույթից»:









































