Հայաստանի նախագահի երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը, նախօրեին միասնական կոչով դիմել էին իշխանություններին և կոչ արել, որ իշխանությունը նախ տրամադրի հանրապետությունից բացակայողների ցուցակները, և հետո նաև՝ հրաժարվի վարչական ռեսուրսը կիրառելուց:
Հատկապես վերջին հանգամանքի առումով հարկ է նկատել, որ ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ամենևին չի կարծում, որ եթե գյուղապետերը ՀՀԿ-ական են, և նրանք իրենց հնարավորություններն օգտագործում են ՀՀԿ թեկնածուի հաղթանակի համար, ուրեմն դա վարչական ռեսուրսի օգտագործում է։ Եթե Սերժ Սարգսյանը նման բացահայտ հայտարարություն արած չլիներ, որը, ըստ էության, հրահանգ է նույն վարչական ռեսուրսին, ինչպես նաև մեսիջ այդ ռեսուրսի անպատժելիությանը, ապա Բագրատյանի, Հայրիկյանի և Հովհաննիսյանի կոչը դեռ կարելի էր լուրջ ընդունել: Սակայն երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե միանգամայն նորմալ է համարում, որ ՀՀԿ-ական գյուղապետերը ծառայեն ՀՀԿ-ական թեկնածուին, ապա դրանից հետո վարչական ռեսուրսը չկիրառելու կոչ անելը՝ հույսով, թե Սերժ Սարգսյանն անսալու է այդ կոչին, առնվազն միամտություն է, եթե ոչ ինքնախաբեություն:
Բագրատյանը, Հայրիկյանն ու Հովհաննիսյանը երևի թե փորձել են միասնական որևէ բան մտածել, ու ավելի հարմար բան չեն գտել: Այնպես որ, ավելի լավ կլիներ միասնական ոչ մի հայտարարություն չձեռնարկել, քան անել հայտարարություն այնպիսի կոչերով, որոնք անլրջության յուղ են լցնում առանց այդ էլ անլուրջ ընտրությունների կրակին:
Ավելին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո՝ վարչական ռեսուրսի, գյուղապետերի վերաբերյալ, որ կանաչ լույս էր նրանց ընտրակեղծարարության համար, միասնական միակ բանը, որ կարող էին անել թեկնածուները, ընտրապայքարից և ընտրական թատրոնից հրաժարվելը կլիներ: Սակայն նրանք հայտարարում են, որ եթե Սերժ Սարգսյանը չանսա կոչին, ապա ընտրությունները կհայտարարեն հակասահմանադրական: Սա էլ, ըստ էության, արդեն սեփական նշանակության գերագնահատում է:
Պարզ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ են հետաքրքրելու նրանց գնահատականները հակասահմանադրականության մասին: Այդ ո՞ւմ հետաքրքրեցին նույն գնահատականները 2012 թվականի պառլամենտական ընտրությունների մասին, որոնց կրկնօրինակն է լինելու նախագահականը: Կամ այդ ո՞ւմ հետաքրքրեցին գնահատականները 2008 թվականի և դրանից առաջ կեղծված ընտրությունների մասին, որտեղ կեղծիքները, անշուշտ, էլ ավելի ցցուն ու բիրտ ձևերով էին կատարվել:
Վերջիվերջո, հայտարարության հեղինակները շարունակում են բաց թողնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ իշխանությունը Հայաստանում ընտրությունների ժամանակ անում է միշտ: Որովհետև եթե չի տրվում այս հարցի պատասխանը, ապա հասարակության մոտ, բնականաբար, առաջանում է մյուս հարցը՝ իսկ ի՞նչ են անում նրանք ընտրապայքարում:






































