«Կուբայի մեկուսացման հարցում ԱՄՆ բոլոր ջանքերը ձախողվել են»,– Լատինամերիկյան և կարիբյան երկրների համագործակցության մասնակիցներին ուղղված իր նամակում գրել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։ Նամակն այսօր համագործակցության մասնակիցների հանդիպման ժամանակ կարդացել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։
Չավեսսը նամակում ափսոսանք է հայտնել, որ հիվանդության պատճառով չի կարող մասնակցել այդ հանդիպմանը:
Չավեսը, ով նոր տարածաշրջանային միության ստեղծման գլխավոր նախաձեռնողներից էր, և չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին՝ հանդես եկավ լատինամերիկյան երկրների միասնության ամրապնդման օգտին: Նա նշել է, որ իրենք իրականում գնում են իրենց ազատագրողների հետքերով, և որ Լատինամերիկյան և կարիբյան երկրների համագործակցությունը ժամանակակից պատմության մեջ կարևոր միություն է:
Առաջին գագաթաժողովի քննարկումներում ի հայտ են եկել մասնակից երկրների տարբեր մոտեցումները, ինչպես նաև երկխոսության միջոցով կոնսենսուսի հասնելու ուղիները: Օրինակ՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բարձրացրել է դեպի ծով ելք ունենալու խնդիրը, որից զրկվել են 1879-1884 թթ. Չիլլիի հետ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ։ Բոլիվիայի և Չիլիի միջև 1978-ից դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:
Միևնույն ժամանակ Մորալեսը կոչ է արել Կոլումբիայի «Հեղափոխական զինված ուժեր»–ին, որը ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` վերջ դնելու արդեն 60 տարի Կոլումբիային մասնատող հակամարտությանը. «Նրանք պետք է հասկական, որ հեղափոխությունները կատարվում են ոչ թե բռնության այլ ժողովրդավարության ճանապարհով»:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ եթե մի ժամանակ նույնիսկ չէր հաջողվում մեկ սեղանի շուրջ հավաքվել, ապա այժմ հանգիստ քննարկում են իրենց միջև առկա տարաձայնությունները: Նրա կարծիքով՝ դրան հասել են, քանի որ բացակայում է «հյուսիսային տերը», և իրենք փորձում են բանակցությունները վարել «հավասարը հավասարին» սկզբունքով:
Լատինամերիկյան և կարիբյան երկրների համագործակցությունը ստեղծվել է Վենեսուելայում՝ 2011 թ.: Դրա կազմում են Արևմտյան կիսագնդի 33 պետություններ, բացի ԱՄՆ-ից և Կանադայից: Այն կոչված է դառնալու քաղաքական երկխոսության և համագործակցության գլխավոր տարածաշրջանային մեխանիզմը:
Չիլիի նախագահը, պատասխանելով լրագրողի հարցին, կարծիք է հայտնել, որ միությունը չի ստեղծվել ի հակակշիռ Ամերիկյան պետությունների կազմակերպության, որի կենտրոնակայանը Վաշինգտոնում է, այլ հակառակը՝ այդ երկու կառույցները «կոչված են լրացնելու միմյանց»:
Եթե Ամերիկյան երկրների կազմակերպությանը Կուբայի անդամակցությունը դադարեցվել էր 50 տարի առաջ՝ ԱՄՆ նախաձեռնությամբ, ապա Լատինամերիկյան և կարիբյան երկրների միությունը ոչ միայն Հավանային ընդունել է իր շարքերը, այլև Կուբային վստահել է համագործակցության ղեկավարումն առաջիկա 12 ամիսներին:









































