ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Ջերմուկ քաղաքի բնակիչ էր, սակայն իր ընտանիքի հետ վաղուց բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Նա սեփական կամքով է անցած տարի ներկայացել և կամավոր զորակոչվել բանակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Ի դեպ, զոհված զինվորի ընտանիքը քաղաքապետի հարևաններն են եղել: «Այդ տղայի հայրը իմ լավ ընկերն էր, մեր հարևանը: Շեքսպիրն էլ մեր բակում մեծացած երեխա էր, շատ լավ, հրաշալի երեխա էր, սպորտով էր զբաղվում: Բայց վաղուց ընտանիքով տեղափոխվել էին Վոլգոգրադ և այնտեղ էին ապրում ու աշխատում: Շեքսպիրը հավանաբար 2-րդ դասարան էր, որ տեղափոխվեցին»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով. «Ես գիտեմ, որ նա կամավոր էր եկել, ներկայացել, որ բանակ գնա: Կարող էր և չգալ, քանի որ երկար տարիներ էր՝ Հայաստանում չէին ապրում: Բայց նա սեփական կամքով եկավ ու գնաց բանակ»:
Քաղաքապետը նաև նշեց, որ Շեքսպիրը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա, իսկ մեկը նոր պետք է ծնվեր:
Զինվորի ծնողները այսօր կժամանեն Հայաստան:
Նշենք նաև, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարը՝ lorinews.am-ի










































