Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանի հետ համատեղ Հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնական կենտրոնն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ, այլ միայն կունենա խորհրդանշական նշանակություն: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամները, այլև գործընկեր երկրների զինվորականները կգնան այդ կենտրոն, քանի որ մենք պետք է հասկանանք, որ այդ կենտրոնը խորհրդանշական կարևորության օբյեկտ է և ընդհանուր ոչինչ չունի տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրավիճակի հետ, այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Կենտրոնի նպատակն է թրենինգների անցկացումը և առաջարկումը լավագույն հնարավորությունների ու հմտությունների, որոնցով կարող է կիսվել ռազմական փորձ ունեցող Վրաստանը»,- ասել է Ափաթուրայը:
Նրա խոսքով՝ ներկայումս կողմերն աշխատում են ստույգ ծրագրի վրա, թե՝ հատկապես ինչ կառաջարկի կենտրոնն անդամներին: «Մենք չենք ուզում ինչ-որ բան այնպես ստեղծել, որ հետո ոչ ոք այնտեղ չգա: Հաշվի առնելով, թե ստույգ ինչ նպատակի կծառայի համատեղ կենտրոնը՝ մենք Վրաստանի հետ միասին լավագույն ուղղությունը կընտրենք: Դրանից հետո կհրավիրենք դաշնակիցներին և գործընկեր երկրներին»,- հավելել է Ափաթուրայը:
Համատեղ կենտրոնի բացումը սպասվում է ընթացիկ տարվա վերջին, սակայն թե որտեղ այն կտեղակայվի՝ առայժմ չի հստակեցվել:








































