ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հրապարակած վերջին տեսանյութերից մեկի կադրերում կարող է լինել Հայաթ Բումեդյենը, որը մասնակցել է Փարիզի հրեական խանութում մարդկանց պատանդ վերցնելուն: Այս մասին CNN-ին հայտնել է հետաքննությանը մոտ աղբյուրը:
Փետրվարի 3-ին հրապարակված հոլովակում գրոհայինները ֆրանսերեն լեզվով գովաբանում են նրանց, ովքեր իրագործել են Ֆրանսիայի ահաբեկչությունները, և նոր հարձակումների կոչ են անում: Դիմելով իշխանություններին՝ նրանք հայտարարում են. «Եթե դուք պայքարում եք ժողովրդավարության համար, մենք կպայքարենք իսլամի համար»:
Կադրում երևում է կին՝ կամուֆլյաժով և զենքը ձեռքին: «Ֆրանսիայի իշխանությունները դիտարկում են այն հնարավորությունը, որ այդ կինը կարող է լինել Հայաթ Բումեդյենը»,- ասել է աղբյուրը:
Ներկայումս, ինչպես ենթադրում են իշխանությունները, Բումեդյենը Սիրիայում է:
Նրա ամուսինը՝ Ամեդի Կուլիբալին, հետաքննության տվյալներով՝ 4 պատանդի է սպանել Փարիզում հունվարի 9-ին խանութի վրա հարձակման ժամանակ՝ Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա Քուաշի եղբայրների հարձակումից հետո: Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան:










































