Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սերդար Սոյդանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած վերջին սկանդալային միջադեպը, երբ Դարդանելի գործողությունների 100-րդ տարելիցին նվիրված հատուկ օրացույցում Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մի լուսանկար է ընդգրկվել, հայտարարել է, որ տեղի ունեցածն անընդունելի է իր կուսակցության համար։ Այս մասին գրում է թուրքական «Այնալը Փազար» կայքը։
«Եթե ԱԳՆ-ում տեղի ունեցածը պատահականության հետևանք է, ապա ներկայացրեք, թե ինչ ստույգ քայլեր են ձեռնարկվում մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ, իսկ եթե դա միտումնավոր է արվել, ապա դուք պարտավոր եք բացատրություն տալ կատարվածի համար», – խորհրդարանում իր ելույթի ժամանակ Սոյդանը դիմել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ միջադեպի վերաբերյալ բացատրագիր պահանջելով։
«Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարի հայտնվելը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստած օրացույցում մեզ համար անընդունելի է։ Մի՞թե Ցեղասպանության հուշահամալիրի նկարը դրվել է ձեր որդեգրած նոր քաղաքականության շրջանակներում»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։
Նշենք, որ երեկ ԺՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Օսման Քորություրքն իր ելույթում ևս անդրադարձել էր այս միջադեպին՝ հետևալ հարցն ուղղելով նույն Չավուշօղլուին. «Ինչպես նշել եք, ձեր կառավարությունը ևս հայկական արշավի դեմ որոշակի աշխատանքներ է տանում: Կարո՞ղ եք ասել՝ արդյոք ձեր նախարարության լուսանկարչի կողմից օրացույցի ապրիլյան էջին Ծիծեռնակաբերդի պատկերի տեղադրումն այդ աշխատանքների մի մա՞սն է կազմում»։
Քեմալական կուսակցությունն իր պատմության ողջ ընթացքում հանդես է եկել հայերի դեմ ուղղված քաղաքականությամբ, Հայոց ցեղասպանության հարցում մշտապես ժխտողական դիրքորոշում է ունեցել։ Ընդամենը մի քանի օր առաջ ԺՀԿ-ի երեք պատգամավորներ, որոնք Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի ժամանակ կանգնել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառի հետևում, կոշտ քննադատության արժանացան կուսակցության կողմից։ Անգամ բարձրացվեց նրանց կարգապահական տույժի ենթարկելու հարցը։
Հիշեցնենք, որ օրերս թուրքական մամուլում հրապարակվել է Ծիծեռնակաբերդի լուսանկարը, որն ընդգրկվել է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցին նվիրված հատուկ օրացույցում՝ պատրաստված Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից։ Սույն միջադեպը լուրջ իրարանցում է առաջացրել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներսում։ Հետաքննություն է անցկացվում՝ պարզելու համար, թե ով է կանգնած կատարվածի հետևում։








































