Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի` «Առաջին լրատվական»-ի հարցազրույցում ասած. «Մենք բացահայտեցինք Իրանի և Թուրանի միջև առճակատմամբ հայության պարանոցի սեղմվող օղակը»` անշուշտ, հետաքրքիր հայտարարություն է, սակայն Հայաստանի ազգային շահերի ու հեղափոխական շարժման հաղթանակի տեսակետից ես որոշակի վերապահումներ ունեմ դրա վերաբերյալ, որոնք թաքցնել չեմ ցանկանում: Նկարագրել ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական ենթատեքստում` ողջունելի միտում է:
Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակն արագ փոփոխությունների և նրբերանգների ենթակա առարկա է, ուստի բնութագրելով ժամանակակից պատկերը մի քանի դար առաջ արդեն արդիականությունը կորցրած կաղապարներով, մենք իրականության որոշակի «աբեռացիայի»` թյուրըմբռնման վտանգի առաջ ենք կանգնում: Բանն այն է, որ Իրանն ու Թուրանը վաղուց արդեն շատ ավելի խոշոր ու հզոր աշխարհաքաղաքական միավորների մասերն են կազմում, ընդ որում մի քանի անգամ հասցնելով փոփոխել դրանցում սեփական դերակատարությունը: Թուրանի գաղափարը դարեր շարունակ փոխարինվում էր սկզբունքորեն վերազգային կրոնական` պանիսլամական կարգախոսով, որի դրոշակակիրն էին հանդիսանում Օսմանյան վիթխարի կայսրության սուլթանները, որոնք կրում էին միաժամանակ կրոնական առաջնորդի` խալիֆի դերը, ու որոնց հպատակության տակ էր գործում մահմեդական ընդհանուր առաջնորդ` շեյխ-ուլ-իսլամի ավանդական կառույցը:
Այսօր շատերը տեղյակ չեն, որ դեռևս XX դարի սկզբին Օսմանյան Կայսրության տարածքի մեջ մտնում էին Ալժիրը, Մարոքոն ու Թունիղը, Սիրիան, Իրաքն ու Եգիպտոսը, ապագա Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան, իսկ Հունաստանն ու Բուլղարիան միայն մի քանի տարի էր որ անկախացել էին դրանից ծանր պատերազմների արդյունքում: Այսինքն, Օսմանյան կայսրության մեջ արաբական, քրդական, հայկական, հունական, սլավոնական բնակչությունը կազմում էր ճնշող մեծամասնություն միայն տասը միլիոն կազմող թուրք ազգի համեմատ: Այդ պայմաններում խոսել Թուրանի մասին այս ողջ պատմական ժամանակաշրջանում թվում է անհիմն: Թուրանի` այսինքն հենց թյուրք ազգերի ընդհանուր գերպեետության գաղափարը ծագեց հենց բազմազգ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում և հենց այդ մոլուցքով էին ոգևորված կարճատև բայց մեզ համար ճակատագրական դեր ունեցած երիտթուրքերը, «դոկտոր» Բեահեդդին Շաքիրի գաղափարական առաջնորդությամբ: Կորցնելով Աֆրիկայի ու Ասիայի իրենց նախկին գաղութները, թուրք ազգայնականները միայն 1912-1920 թթ. ձևակերպեցին Թուրանն ու «պանթուրանիզմը» իբրև նոր պետական գաղափարախոսություն, ձգտելով նորաստեղծ Ադրբեջանի միջոցով կապ հաստատել Թուրքեստանի հետ, ինչպես այն ժամանակ անվանուն էին Միջին Ասիայի դեռ չձևավորված տարածքը: Դա խաղաց ողբերգական իր դերը և հանդիսացավ պատճառներից մեկը Հայոց Ցողասպանության իրականացման մեջ:
Այդ պահից, ավելի ճիշտ`1918 թվականից, այսինքն «թուրանիզմի» առաջանալուց հաշված տարիներ անց , Հայաստանը ստանձնեց «թյուրքական օվկիանոսի ջրբաժանի» ծանր ու անշնորհակալ դերը: Դա անմիջապես գնահատեց և Արևմուտքը, որը սկսեց ձևակերպել ու ամրացնել Հայաստանի այդ աշխարհաքաղաքական դերը Վիլսոնյան հայտնի ծրագրով, ե`ւ բոլշևիկյան Ռուսաստանը, որն իր համար անմիջական վտանգ տեսավ հայերի այս առաքելության մեջ և արագ կողմնորոշվեց դեպի մուսուլմանական աշխարհ, կարգելով հայ ազգի դահիճներ Էնվերին ու Ջեմալին «կոմիսարներ» ու դաշնակիցներ Միջին Ասիայի «ազատագրման և սոցիալիզացման» գործում: Հայ վրիժառուների կրակոցները կարևոր դեր խաղացին այդ մղձավանջը ընդհատելու գործում: Այսպիսով, պետք է նկատել, որ «Թուրանի» գաղափարը իր առաջացման պահից ի վեր անմիջապես դառձավ ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծի մաս և միաժամանակ` Արևմուտք-Սովետական Ռուսատսան առաջին հակամարտություններից մեկի առարկա:
Հատկանշական է, որ ե’վ «Մեծ Հայաստանի» Վիլսոնյան ծրագրի տապալումը` 1920 թվականի նոյեմբերին Երևանը ռուսական Կարմիր բանակի կողմից զավթումով , ե’վ դրանից հետո մնացած Հայաստանից Արցախը, Նախիջևանն ու Սյունիքը Ադրբեջանին հանձնելու որոշումները կայացվում էին հենց Կրեմլի կողմից և հենց Կրեմլի շահերց ելնելով, այլ ոչ թե հանուն Թուրանի, թեև դրա օգտին: Այլ կերպ ասած` սա Արևմուտք-Ռուսաստան պայքարի մաս էր, այլ բոլորովին էլ ոչ Թուրան-Իրան հակադրության:
Իրանն այդ պահին ընդհանրապես որևե լուրջ դերակատարություն չուներ և ձգտում էր հիմնականում պահպանել սեփական ինքնությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը նույն այդ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմադրության նոր փուլում: Իրանի իրավիճակի ողջ լրջությունն առավել ակնհայտ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ցարական Ռուսիայի ու բրիտանական կայսրության ավանդական դիմակայությունը ժամանակավորապես փոխարինվեց Ստալինի ու Չերչիլի համաձայնությամբ պարզապես գրավելու Իրանի տարածքը սովետական ու բրիտանական զորքերով:
Բնականաբար, որևե հակասության մասին Իրան-Թուրան եզրով խոսք չեր գնում նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում ու դրանից հետո: Այստեղ նույնպես ամեն ինչ որոշվում էր Արևելքի և Ռուսաստանի հակամարտության ենթատեքստում, ընդհուպ մինչև ամերիկյան ատոմային ռմբակոծության սպառնալիքի ներքո Ստալինին պարտադրված Կարմիր բանակի հեռացումը Իրանի զավթված հյուսիսային մասից, որը Կրեմլի նախագծում էր կցել Սովետական Ազրբեյջանին: Հայաստանը նույնպես չստացավ սպասվող տարածքային փոխհատուցում Թուրքիայից և նույն պատճառով` Արևմուտքը չեր ցանկանում զիջումներ անել ստալինյան Ռուսաստանին այս տարածաշրջանում
Ուստի, վաղ միջնադարից եկող Իրան-Թուրան քաղաքակրթական հակասությունը վերջին հարյուրամյակներում փոխարինվել էր Արևելք-Ռուսաստան աշխարհաքաղաքական վեճով և գրեթե ձուլվեց դրանում: Շահի օրոք Իրանն, ինչպես և Թուրքիան աթաթուրքյան ձևափոխումներից հետո, միանշանակ գտնվում էին Արևեմտյան տիրույթում
Ասում եմ այս ամենը ոչ թե ակադեմիական բծախնդրությունը կամ էլ սեփական համեստ ու թերի պատմական գիտելիքներս ցցելու համար` բոլորովին ոչ: Բանն այն է, որ ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցի առանցքն ու վերնագիրը հանդիսացող՝ «Մենք բացահայտեցինք Իրանի և Թուրանի միջև առճակատմամբ հայության պարանոցի սեղմվող օղակը”, իմ տպավորությամբ, շփոթում է մեր այսօրվա իրողության ամենակարևոր ու որոշիչ հիմնախնդիրը` Արևմուտքի և Ռուսաստանի հին հակամարտության նոր փուլը, Իրան-Թուրան անէական ու վերացական խնդրի հետ: Իսկ հեղափոխական հավակնություն ունեցող շարժման համար նման անճշտությունը կարող է ճակատագրական լինել, առավելևս որ այդ հայտարարությունը արվել էր Բերձորի ողբերգական դեպքերի առիթով: Եթե հասարակության մեջ ցավ, հուզմունք ու պառակտում առաջացրած պատահարի վերլուծությունը բերում է շարժման առաջնորդին այսպիսի եզրակացությանը, ապա վտանգված է ողջ շարժումը, դրա գաղափարախոսությունն ու հետագա գործունեությունը:
Ես պնդում եմ դա, քանի որ համոզված եմ, որ ՀԽ կազմում գտնվող իմ լավագույն ընկերներն իրականում պետք է բոլորովին այլ եզրակացություն անեն պատահածից ու այլ ողերձով հանդես գան նրանց լսող ու վստահող հանրության առջև: Իմ համոզմամբ, իրավիճակը Հայաստանում` Շիրակից մինչև Արցախ, բնութագրվում է այսօր ոչ թե հնամաշ ու մասնավոր Իրան-Թուրան հակադրությամբ, այլ դարավոր Արևմուտք-Ռուսաստան պայքարով, որի ընթացքն ու վախճանը պարզ է այսօր շատերին: Հայաստանի կենսական ազգային շահերը պահանջում են երկրի իրական վերնախավից ճիշտ և հստակ ընտրություն կատարել այս պայքարում, խուսափելու համար ինչպես գործող ապիկար իշխանության սխալներից, այնպես էլ սեփական և նոր վրիպումներից:
Բերձորի դեպքը ցույց տվեց, որ իրավիճակի ոչ լիարժեք գնահատականը վտանգում է համակարգային փոփոխություններին միտված քաղաքացիների կյանքն ու գործունեությունը դեռևս գլխավոր ու հիմնական գործողություններից առաջ, իսկ դա աններելի է հասարակությունը առաջնորդելու հավակնություն ունեցող շարժման համար: Անհրաժեշտ է այս բեկումնային պահին պարզ ու հստակ ցույց տալ մեր հանրությանը իրական վտանգի և իրական փրկությանը տանող ուղիները:
Պուծինյան Ռուսաստանի և Արևմուտքի պայքարն այսօր քաղաքակրթական բնույթ ունի: Դա կայսերական, գաղութային անցյալի անհույս պայքարն է ժողովրդավարական ապագայի դեմ: Հայաստանի տեղն այս պայքարում անհայտ է այսօր, սակայն մենք պարտավոր ենք ընտրել երեկվա ու վաղվա միջև` և միայն ճիշտ ընտրություն անողը կփրկի մեզ անպատվությունից ու նոր կորուստներից:
Հայաստանն այսօր քաղում է վերջին տարիների իր սխալ քաղաքական ու քաղաքակրթական ընտրության դառը պտուղները: Եթե անդրադառնանք Իրանի ու Թուրքիայի օրինակներին, ապա այդ իրողությունը կլինի առավել ակնհայտ: Իրանը մեր աչքի առաջ արագորեն փոխում է վերջին տասնամյակների իր ավանդական հակարևմտյան դիրքորոշումը դեպի աննախադեպ արևմտամետ և բաց քաղաքականություն և ազատվում է պատժամիջոցներից ու մեկուսացումից, ապահովելով ապագա վերելքը: Թուրքիան, հակառակը` հրաժարվում է իր զարգացումն ապահոված արևմտամետությունից հանուն հին կայսերական ցնորքների:
Նրա գահավիժումն անխուսափելի է, ավելին` դա բերելու է տարածքային կորուստների, որոնցից վաղուց արդեն պատրաստ է օգտվել ճիշտ ժամանակին սովետական կողմնորոշումը արևմտյանով փոխարինած քրդական ազգային շարժումը: Կունենա’ , արդյոք, որևե դերակատարություն և օգուտ Հայաստանը այդ ճակատագրական պահին? Կկարողանա’նք մենք, արդյոք, օգտվել մոտեցող վիթխարի փոփոխություններից, թե քրդերին ենք հանձնելու մեր պատմական առաքելությունն ու հողերը? 1920 թվականին մենք կորցրեցինք մեզ տրված հնարավորությունը սեփական ապիկարության, գավառականության ու թուլության պատճառով:
Եթե կորցնենք նաև այս շանսը, ընկնելով նոր ցնորքների ու հին հեքիաթների գիրկը` ապա տարածարջանի և ողջ աշխարի դեմոգրաֆիան և տեխնոլոգիաները մեր ուրացումը արագ կվերածեն ուծացմանը և մեզնից հետո կմնան միայն գեղեցիք հեքիաթներ` Իրանի ու Թուրանի հարևանությամբ երբեմնի Հայք կոչվող դրախտային երկրի մասին…












































