Վենեսուելայի կառավարությունը 2012-ի դեկտեմբերի 30-ից թաքցրել է նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան փաստը. նրա մահվան մասին հայտարարվել է միայն 2013-ի մարտի 5-ին: Այս մասին ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին հայտնել է Միացյալ Նահանգներ արտաքսված՝ Ուգո Չավեսի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Լեմզի Սանազարը:
Ինչպես գրում է Le Figaro-ն, տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան, բոլիվարյան ռեժիմի հակառակորդ Գիլյերմո Կոչեսը:
Կոչեսը դատապարտում է պետական գաղտնիքը, որի նպատակն էր Ուգո Չավեսից իշխանության փոխանցման ապահովումը նրա հաջորդին՝ Նիկոլաս Մադուրոյին: Պարբերականը ենթադրում է, որ մահվան փաստը թաքցնելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի անցկացնեին այդ ամիսների ընթացքում Չավեսի կողմից ստորագրված տասնյակ դեկրետները:






































