Մամուլում բազմիցս շրջանառվել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա ընտանիքի անդամները և մերձավորները բիզնեսի գրեթե բոլոր ճյուղերում ներկայացված են՝ գազալցակայաններ, հանքարդյունաբերության, սուպերմարկետներ, հյուրանոցներ, ձկնարտադրություն, բրենդային խանութներ, գյուղմթերքի իրացում, պահածոների արտադրություն, շինարարական նյութերի արտադրություն և այլն:
«Առաջին լրատվական»-ը 2014թ. և 2013թ. խոշոր հարկատուների ցանկից հանել է վարչապետի և նրա մերձավորների անուններով գրանցված ընկերությունների վճարած հարկերն ու տուրքերը, որպեսզի հասկանանք՝ իսկապես Հովիկ Արբրահամյանը հավատարի՞մ է մնացել անցած տարի մայիսի 15-ին արած իր՝ «կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ, և բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում: Ցանկանում եմ ասել, որ ես ինձանից եմ սկսելու» հայտարարությանը:
Ըստ «Հետքի»-ի, գազալցակայանների ոլորտում վարչապետի հետ ուղիղ կապ ունեն «Տրանսգազ», «Մայ Արգ», «Դալար գազ», «Հովան-Լիան Գրուպ», «Արաշագ» ընկերությունները: Վերջինը գազալցակայաններ ունի Արտաշատ-Երասխ ճանապարհին, որի 40 տոկոս մասնաբաժինը Գագիկ Պողոսյանինն է: Նա, ըստ նույն աղբյուրի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է, նրանք Հովիկ Աբրահամյանի մայրական կողմի ազգականներ են:
«Տրանսգազը» խոշոր հարկատուների 2014թ. ցանկում 17-րդ տեղում է, վճարել է մոտ 5 մլրդ դրամ, մինչդեռ 2013թ. այս ցանկում եղել է 28-րդ տեղում՝ վճարելով մոտ 3 մլրդ 750 հազար դրամ: Ոլորտի մնացած ներկայացուցիչները 1000 խոշոր հարկատուների ցանկում չկան, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ «Տրանսգազի» միջոցով վճարվել են մնացած բոլորի հարկերը, հակառակ դեպքում դժվար թե այս գազալցակայաններից լինի գոնե մեկը, որ 10 մլն դրամից քիչ տարեկան եկամուտ ունենա (2014թ. խոշոր հարկատուների ցանկի 1000-յակը փակում են տարեկան 100 մլն դրամ եկամուտ ունեցած ընկերությունները):
«Առաջին լրատվական»-ը այս հարցի հետ կապված զրուցեց «Տրանսգազի» գլխավոր հաշվապահի տեղակալի հետ: Նա նշեց, որ իրենք զբաղվում են ՀՀ տարածքում գազափոխադրման աշխատանքներով և նման ծավալի հարկ վճարել են միայն իրենց գործունեության համար: ԱԳԼՃԿ-ի հետ կապված իրենց գործունեության մասին վերջինս տեղեկություններ չհայտնեց:
Աբրահամյանի հետ կապ ունեցող ամենախոշոր ընկերությունները «Իմպերիում Պլազա», «Ջուլի», «Արգամիկ», «Արտաշատ պլազա», «Դալար Բարդի», «Աբովյան սիթի», «Արտաշատ վինքոն», «Ռայթ Սթոուն», «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում», «Փրոփերթի Սոլյուշենզ», «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» և այլ ընկերություններ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկան: Սակայն, օրինակ, միայն ընկերություներից մեկի՝ «Իմպերիում Պլազայի» տարածքում՝ Ամիրյան փողոցին նայող մոտ 60 ք.մ ունեցող տարածքի 1 քմ-ն արժե 10.000 դրամ, այսինքն` այդքան տարածք զբաղեցնող գրասենյակի համար վարձակալը յուրաքանչյուր ամիս վճարում է 600.000 դրամ կամ 1500 դոլար: Փաստորեն, ընկերությունը տարեկան 10-12 մլն դրամ եկամուտ չի ունենում:
Համատեղ գործունեություն իրականացնող ընկերությունների ցանկում կա «Արտֆուդը» (Արարատի պահածոների գործարան), որը 2014թ. վճարել է 84 մլն դրամ հարկ՝ գերազանցելով 2013թ. 61,5 մլն դրամ հարկային պարտավորությունը: Ի դեպ, այս գործարանի հավասար սեփականատերեր են համարվում Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, և գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը: Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ 70/30 բաժնեմասով Արգամ Աբրահամյանի «Արարատցեմենտը» 2014թ. ավելի շատ հարկ է վճարել՝ 1 մլրդ 250 հազար դրամ, և 110-րդ տեղում է, քան 2013թ., երբ հարկերը չեն գերազանգել 1 մլրդ դրամը:
Վարչապետի եղբոր` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի որդին՝ Հովհաննես Աբրահամյանը, ավազի հանքեր ունի, որոնք հարկատուների ցանկում չկան: Վերջինս զբաղվում է նաև ձկնաբուծությամբ: Նրա ղեկավարած «Մխչյան Ֆիշ Ֆուդը» 2014թ. ավելի քիչ է հարկ վճարել, քան 2013թ.՝ 35 մլն դրամի փոխարեն 28 մլն դրամ:
Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունեցող այն ընկերությունները, որոնք ներկայացված են հարկատուների ցանկում, ըստ էության, 2013թ. համեմատ ավելի շատ են հարկեր վճարել, սակայն մնացած մոտ երեք տասնյակ փոքր ու մեծ ընկերությունները այստեղ չեն երևում: Երկու տեսակետ կա՝ կա՛մ այս ընկերությունները 100 մլն դրամից քիչ հարկ են վճարել և չեն ներառվել, կա՛մ այլ անվան տակ են իրենց հարկային պարտավորություններն իրականացրել:










































