Ղրիմի ադրբեջանական համայնքը ԼՂ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Դիլհամ Ասկերովի ճակատագրի վերաբերյալ տեղեկատվական հայցով դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Գումբատովը:
Ուղերձում ադրբեջանական համայնքը ցանկություն է հայտնում տեղեկություն ստանալ առ այն, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն ինչ միջոցներ է ձեռնարկել Ասկերովին ազատելու, նրա օրինական իրավունքների և շահերի պաշտպանության համար, կամ հետագայում ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել նրան ազատ արձակելու ուղղությամբ:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հայկական կողմի հետ կքննարկի Դիլհամ Ասքերովի հարցը։
2014թ. հունիսին Շահբազ Գուլիևը, Հասան Հասանովը և Ռուսաստանի քաղաքացի Դիլհամ Ասքերովը ներթափանցել էին Քարվաճառ, դաժանաբար սպանել 17-ամյա երիտասարդի, ՀՀ ԶՈւ մայորի և ծանր վնասվածքներ էին հասցրել քաղաքացիական կնոջ:
Դիվերսանտներից Հասան Հասանովը սպանվել էր ձերբակալման ժամանակ: Մյուսները՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեցին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։












































