Չնայած ցածր ջերմաստիճանին՝ շուրջ 2000 մարդ էր հավաքվել Գերմանիայի հարավային Նոյբուրգ քաղաքում՝ մասնակցելու ավանդական ձմեռային լողին, որն այնտեղ անցկացվում է ամեն տարի՝ հունվարի վերջին շաբաթ օրը: Լողի ավարտին նրանց դիմավորել է 7000 երկրպագու: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Թվով 44-րդ միջոցառման մասնակիցները Դանուբի երկայնքով հաղթահարել են 4 կմ տարածություն: Ջրի ջերմաստիճանը եղել է +3, իսկ օդի ջերմաստիճանը՝ -6: Մասնակիցների մեծ մասը եղել է ջերմակայուն կոստյումներով, սակայն մի մասը ջուրն է մտել լողազգեստով: Այս անգամ «մորժերը» 22-ն են եղել: Նրանց համար լողի երթուղու երկարությունը եղել է 400 մետր:
Դանուբով ավանդական լողը գունեղ կառնավալ է հիշեցնում: Շատերը լողում են ծովերի Աստծո՝ Նեպտունի հանդերձանքով, ձեռքներին՝ եռաժանի:
Նոյբուրգի լողը ամենազանգվածայինն է Եվրոպայում: 2002 թվականին բացարձակ ռեկորդ էր սահմանվել: Այդ ժամանակ ստացվել էր միջոցառման մասնակցության 2121 հայտ:










































