Աշխարհի հարուստ մարդկանցից մեկը` հայտնի բարերար, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, Ջոն Հոփկինսի համալսարանի (Բալթիմոր, Մերիլենդ նահանգ) հաշվին փոխանցել է 350 մլն դոլար: Այսպիսով՝ բուհին բազմամյա նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ դոլար: Նշենք, որ միլիոնատերը 1964 թվականին ավարտել է այդ համալսարանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Չկա աշխարհում նման մեկ այլ համալսարան, որ իր հետազոտությունների և նորարարական գաղափարների միջոցով հանրային առողջապահության ոլորտում մարդկանց այդքան օգուտ բերի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բլումբերգը:
Forbs ամսագրի վարկածով՝ ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետի կարողությունը գնահատվում է 22 միլիարդ դոլար. Բլումբերգը աշխարհի հարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 20-րդ տեղը:
Վերջին նվիրատվությունը՝ 235 մլն դոլարի չափով, կատարվել է 2008 թվականին:








































