Եվրամիությունը կարող է շարունակել թիրախային պատժամիջոցները ռուս քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորայինների առաջնորդների դեմ, չնայած պահպանվում է նաև Ռուսաստանի դեմ սահմանափակման միջոցների ընդլայնման հավանականությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով ԵՄ դիվանագետներին:
Նրանց խոսքերով` որոշման նախագիծը, որը հինգշաբթի նիստի ժամանակ պետք է ընդունեն ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները, նախատեսում է ակտիվների սառեցման և ԵՄ տարածք մուտքի արգելքի երկարաձգում: Սահմանափակումները նախատեսվում է երկարաձգել 9 ամսով` մինչև 2015-ի դեկտեմբեր:
Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պատրաստվում են հանձնարարել Եվրամիության ապարատին մեկ շաբաթվա ընթացքում նախապատրաստել այն անձանց և ձեռնարկությունների ցուցակը, որոնց կարող են հավելել պատժամիջոցների ցուցակում:






































