Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում կայանալիք Թուրինի «Յուվենթուս»-ի այսօրվա խաղին կրկին չի մասնակցի թիմի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն: Անտոնիո Կոնտեի թիմի առանցքային ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել երկրորդ հանդիպումը` ձկնամկանի վնասվածքի պատճառով:
Միաժամանակ իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ 33-ամյա կիսապաշտպանն արդեն ապաքինվել է վնասվածքից: Սակայն «Յուվենթուս»-ի մարզչական շտաբը պահպանում է նրա ուժերը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում հունվարի 29-ին կայանալիք «Լացիո»-ի դեմ պատասխան հանդիպման համար: Առաջին խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:







































