Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Հայկական սփյուռքը դեռ պատրաստ չէ Թուրքիայի հետ երկխոսության։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ինտերնետ հաբեր» կայքը։
«Հայաստանն ու Հայաստանի հասարակությունն ավելի են հակված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քան Հայկական սփյուռքը։ Եթե դուք մոտենաք Հայաստանում և Թուրքիայում զբոսնող հասարակ մարդկանց և հարցնեք սույն հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, կհամոզվեք, որ բոլորն էլ կարգավորման կողմնակից են»,- ասել է Մահչուփյանը։
Վարչապետի խորհրդականը մեկնաբանել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը ապրիլի 24-ին Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ։
«Հայերն ու թուրքերը միևնույն մշակույթի զավակներ են, նույն երգերն են լսում, նույն գրքերը կարդում։ Սա նշանակում է, որ երկու հասարակությունները շատ ընդհանուր գծեր ունեն։
Այդ ճակատամարտում զոհվածների մեջ նաև հայեր են եղել։ Եթե Հայաստանը հարգում է նրանց հիշատակը, ապա գոնե խորհրդանշական կերպով պետք է ընդուներ Թուրքիայի նախագահի հրավերը»,- ասել է ազգությամբ հայ գործիչը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու ճակատամարտի հարյուրամյակը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումների մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:
Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:








































