Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ-ի կողմից առնվազն 15 մլրդ դոլարի հրատապ ֆինանսական օգնություն։ Նման կարծիք է արտահայտվում ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի և ֆրանսիացի փիլիսոփա և հրապարակախոս Բեռնար-Անրի Լևիի հոդվածում, որը տպագրվել է New York Times-ում։
«Ուկրաինան ինքնուրույն կպաշտպանի իրեն, սակայն այն շտապ ֆինանսական օգնության կարիք ունի։ Առկա է 15 մլրդ դոլարի անհետաձգելի անհրաժեշտություն»,- ասվում է հոդածում։
Հոդվածագիրներն ընդգծում են, որ Ուկրաինայի գոյատևումն ապահովելու և մասնավոր ներդրումները խթանելու նպատակով արևմտյան պետությունները պետք է ստանձնեն հավելյալ միջոցների տրամադրման պարտավորություն։
Այդ հավելյալ աջակցության ծավալը պետք է կախված լինի այն բանից, թե Ուկրաինայում բարեփոխումները որքանով հաջող կլինեն, և թե ինչպես կզարգանա իրավիճակը երկրի արևելյան շրջաններում։
Հունվաի սկզբին Սորոսը Financial Times-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ ուկրաինական տնտեսության կայունացման համար հրատապ պահանջվում է 50 մլրդ դոլար։
Այն ժամանակ նա ասել էր, որ ԵՄ ղեկավարությունն Ուկրաինային վերաբերում է որպես հերթական ֆինանսական օգնության կարիքն ունեցող երկրի՝ չհասկանալով, որ ԵՄ արևելյան սահմանների ճգնաժամն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում ԵՄ տնտեսության ու գոյատևման համար, քան Հունաստանի ընտրությունները։
Նշվում է, որ Սորոսը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել ուկրաինական տարբեր նախագծերում։







































