«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
-Պարոն Մալխասյան, Երևանում և մարզերում անցկացրած հանրահավաքներից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 5-ին խորհրդաժողով է անցկացնում: ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին։ Ի՞նչ տպավորություն ունեք՝ դահլիճային մակարդակի այս միջոցառումներն արդյունավետ լինել կարո՞ղ են:
–Քաղաքականությունը մարդկային գործունեությանամենաանհասկանալի, բարդ և ամենակարևոր ասպարեզներից մեկն է: Եթե դու քաղաքականությամբ չզբաղվես՝ նա քեզանով կզբաղվի: Հիմա աշխարհաքաղաքական իրավիճակները, երկրի ժամանակները թելադրում են, որ կայացրած որոշումները, դանդաղ համառությունը, դանդաղ մշակված ծրագիրը հաճախ խորտակում են ամենաավերին և վտանգավոր ուժերին: Մենք հենց այդ տրամաբանությամբ ենք շարժվում. մեր քայլերը դասավորում ենք այնպես, որ հարվածը հասցնենք ճիշտ պահին, որ փլատակների տակ չմնանք ու չկորցնենք ամեն ինչ, չկորցնենք հայրենիքը: Մենք հիմա մեր քայլերը մանրակրկիտ հաշվարկում ենք՝ եթե մի քիչ ուշանում է իշխանափոխությունը կամ հեղափոխությունը՝ դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այդ գաղափարից: Դա նշանակում է, որ մեր առաջնորդներն իրենց քայլերը համադրում են իրավիճակի հետ: Ամենակարևորն այն է, որ մենք հավատում ենք մեր առաջնորդներին:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ մենք պայքարից հետ ենք քաշվել՝ այդպես չէ: Մենք իրավունք չունենք թույլ տալու Հայաստանի կործանումը: Իշխանության դեմ տարվող անզիջում պայքարը յուրաքանչյուրիս գործն է․ սա ազգային-ազատագրական պայքար է, մենք վճռական ենք և գնալու ենք մինչև վերջ:Մեր պայքարն անկասելի է՝ որևէ Սերժիկ կամ Շարմազանով չեն կարող դիմակայել մեր պայքարին: Փետրվարի վերջերին պայքարը կթևակոխի նոր և վերջնական մի փուլ:
Եթե մենք հիմա չենք մասնակցում Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին՝ դա չի նշանակում,թե մենք գժտվել ենք կամ խռովել: Հիմա կարող է՝ որոշ քայլերի դեպքում մենք համագործակցենք , որոշ քայլերի դեպքում՝ ոչ, բայց չի նշանակում,թե մենք պառակտվել ենք:
–Տիգրան Կարապետյանն ասում է, թե խորհրդաժողովում առաջարկելու են, որ Ծառուկյանը դառնա շարժման լիդեր։ Ձեզ համար դա ընդունելի՞ է:
–Առաջարկների մեջ բոլորն ազատ են, մեր սահմանադրությամբ մարդն ունիազատ արտահայտվելու իրավունք: Առաջնորդին Տիգրան Կարապետիչը չի որոշում, ոչ էլ Վարդան Մալխասյանը: Առաջնորդին ժողովուրդն է որոշում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ առաջին փուլում երկիրն ազատագրել չարիքի իշխանությունից, տապալել բռնապետական վարչակարգը: Հետո երբ վարչակարգը կտապալենք՝ կձևավորվի ժամանակավոր կառավարություն գուցե, տեղի կունենան ազատ ու անկախ ընտրություններ:Ընտրական օրենսգրքի մեջ որոշ փոփոխություններ կմտցնենք, պայմանները կխստացնենք ոստիկանության առաջ, կաշառք տվողն էլ խստագույնս կպատժվի: Մենք կանցկացնենք ազատ ու արդար ընտրություններ: Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին, հիմա մենք պետք է պարզենք մեր ժողովրդի քաղաքական տրամաբանության արդյունքը: Կարող է՝Կարապետիչն էլ առաջադրի թեկնածություն ու նախագահ ընտրվի։ Այդ ժամանակ մենք կարձանագրենք, որ մեր ժողովրդի քաղաքական տրամաբանության արդյունքը դուրս եկավ Տիգրան Կարապետիչը, ուրեմն իրեն ենք արժանի: Կլինի Գագիկ Ծառուկյան՝ ուրեմն նրանք ենք արժանի, կընտրենք Լևոն Տեր-Պետորսյան՝ ուրեմն արժանի ենք Լևոն Տեր-Պետրոսյանին:
–Չեք կարծում, որ ՀԱԿ-ի չմասնակցելը գործընկեր կուսակցության հրավիրած խորհրդաժողովին հնարավոր է՝ եթե ոչ հիմա, ապա հետագայում տարաձայնությունների պատճառ դառնա:
–Բոլորովին այդպես չեմ կարծում: Մենք համագործակցում ենք տարբեր ձևաչափերով, կարող է՝ վաղն էլ մեկ այլ ձևաչափ առաջ գա: Դաշինքները կազմվում են որևէ խնդիր լուծելու համար, դաշինքները կարող են հետագայում իրար դեմ գործել: Օրինակ բերեմ՝ Ստալինը, Ռուզվելտը, Չերչիլը դասակարգային թշնամիներ էին, իրենք դաշինքի մեջ մտան ֆաշիստների խնդիրը լուծելու նպատակով: Երբ այդ խնդիրը լուծեցին, նորից դարձան դասակարգային թշնամիներ:
Ես չեմ ասում, թե մենք հետո թշնամիներ ենք դառնալու, բայց կարող է և իշխանափոխությունից հետո տարբեր ճամբարներում հայտնվենք:
–Ի՞նչ եք կարծում, եռյակի հանրահավաքը շա՞տ կուշանա: Ընդունված է, որ քաղաքական ակտիվ սեզոնը ՀԱԿ-ն է բացում Մարտի 1-ի հանրահավաքով:Հնարավո՞ է այս տարի էլ եռյակի ֆորմատով լինի այդ հանրահավաքը:
–Այդ մասին խոսակցություններ չկան, բայց ես ենթադրում եմ, որ մինչև մարտի 1-ը եթե ոչ համապետական հավաք, ապա մարզերում անպայման հանրահավաք կունենանք:Մենք անպայման պետք է հանրահավաքներ ունենանք ու առաջ շարժվենք։ Հիմա աշխարհաքաղաքական ուժերը, օգտվելով այս դադարից, կարող են իրավիճակն օգտագործել մեր դեմ: Երբ ճշմարիտ, արդար ուժերը դաշտը ազատ են թողնում, այլ ուժեր ուրիշ ուղղությամբ են տանում ամեն ինչ: Մենք չենք թողնի այդ իրավիճակը գա: Սրանք փորձում են բարեփոխումների պատրանք ստեղծել, բայց ինչքան էլ փորձեն դա անել, միևնույն է, այս հակահայ ռեժիմը մեր ժողովրդի համար զզվելի է ու ատելի. սրանք մեր ժողովրդի արյան գնով են եկել իշխանության: Իրենց ոչ ոք չի ներելու, և չեն լափելու գողացածը:










































