Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն եկել է եզրակացության, որ ԱՄՆ բանկերը ամենաշատը թալանվում են ուրբաթ առավոտյան: Այս եզրակացության ՀԴԲ աշխատակիցները եկել են` ուսումնասիրելով 2010 թ. ցուցանիշները:
Գողերը հիմնականում գործում են միևնույն սցենարով. Նրանք մտնում են բանկ, գանձապահին զենքի սպառնալիքով ստիպում են իրենց հանձնել մոտը եղած գումարը: Նրանք նաև իրենց պահանջները ներկայացնում են գրավոր տեսքով` կրկին սպառնալով զենքով:
ՀԴԲ-ի հրապարակված տվյալների համաձայն` 2010 թ. ԱՄՆ-ում թալանվել է 5,546 բանկ և ֆինանսական այլ հաստատություն: Առաջինն այս ցուցակում Կալիֆոռնիա նահանգն է, որտեղ գողերի զոհ է դարձել 805 բանկ: Նրան հետևում է Տեխասը` 464 բանկ: Գողոնի ընդհանուր գումարը կազմել է 43 միլիոն դոլար, որից հաջողվել է հայտնաբերել ընդամենը 8 միլիոնը:
Սակայն 2010 թ. վիճակագրությունը լավատեսական է. 2009 թ. համեմատ, 2010 թ. գողությունների թիվը պակասել է 500-ով:










































