Բահրեյնը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում արտադրվող առաջին տեղական հարվածային ուղղաթիռի՝ T129 Atak-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է հեղինակավոր «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ հղում անելով Բահրեյնը ներկայացնող բարձրաստիճան զինվորականներին:
Մերձավորարևելյան այս երկիրն այժմ մի քանի տարբերակ է քննարկում ուղղաթիռների պարկը համալրելու ու թարմացնելու համար: Թեկնածուներից մեկն էլ թուրքական ուղղաթիռն է, որն արտադրում է Թուրքիայի TAI ընկերությունը՝ իտալական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում: Բահրեյնն այժմ բանակցում է թուրքերի հետ, սակայն արդյունքների մասին տեղեկություններ դեռ չեն փոխանցվում: Թուրքական մամուլը նշում է, թե հենց Բահրեյնը կարող է դառնալ թուրքական ուղղաթիռների առաջին արտասահմանյան գնորդը:
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով Բահրեյնի հետաքրքրությանը, հիշեցրել են, որ T129 ուղղաթիռներով հետաքրքրված են նաև Ադրբեջանը, Պակիստանը և Հորդանանը: Այնուամենայնիվ, նշված երկրներից որևէ մեկը դեռևս պայմանագիր չունի թուրքական ընկերության հետ՝ ուղղաթիռներ ձեռք բերելու համար: Հարկ է նշել, որ Ադրբեջանի հետաքրքրության մասին անցյալ տարիներին ևս խոսվում էր, թեև կողմերը դեռ հստակ պայմանավորվածություններ չունեն:
Նշենք, որ «Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Այն զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով։
Այն ստեղծվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական TAI ընկերությունում։ Ուղղաթիռի աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերը 2014 թվականի ապրիլի վերջին էին ստացել 9 միավորից բաղկացած ուղղաթիռների առաջին խմբաքանակը։ Առաջիկա տարիներին թուրքական զինուժը նախատեսում է ստանալ ևս 50 ուղղաթիռ։
Ուղղաթիռը ստեղծվել է բավարարելու Թուրքիայի զինված ուժերի կարիքները, իսկ Թուրքիայում հարվածային ուղղաթիռների խիստ պահանջարկ կա, քանի որ առկա օրինակներն արդեն հնացել են, իսկ թուրքական ուղղաթիռների պարկն ընդհանրապես թարմացման ու հարստացման կարիք ունի։












































