Իրանի «Փարչին» ռազմական օբյեկտում միջուկային մշակումներ չեն իրականացվում: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդին Բորուջերդին` հայտնում է PressTV-ն:
Նրա խոսքով՝ մինչ օրս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները երկու անգամ այցելել են նշված ռազմական օբյեկտ: «Ստուգումների ընթացքում միջուկային մշակումների անցկացման ոչ մի ապացույց չի հայտնաբերվել»,- ասել է նա:
«Ներկայում Իրանը համաձայնագրի սահմաններից դուրս չի տեսնում ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակի ընդլայնումը: «Փարչին» ներառված չէ համաձայնագրի մեջ և երաշխիքներ է պահանջում, ինչպես նաև հաշվի է առնվում Իրանի դեմ խստացված միակողմանի տնտեսական պատժամիջոցները:
Ավելի սերտ համագործակցության դիմաց Արևմուտքը պետք է կասեցնի Իրանի դեմ պատժամիջոցները: Արևմտյան երկրները պետք է գիտակցեն, որ ԱԷՄԳ-ի հետ սերտ համագործակցության հիմքում պետք է լինեն փոխադարձ շահերը»,- ասել է Բորուջերդին:










































